17:57 | 18.03.24 | Նորություններ | 1884

1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում (ՄՄԿՕ) ՀՀ թիմն արժանացել է 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալների:

Օլիմպիադան անցկացվել է Ռուսաստանի Ադիգեյի պետական համալսարանում (ք. Մայկոպ) մարտի 11-16-ը: Մրցույթին մասնակցել է 13 երկրի (Հայաստան, Պերու, Բելառուս, Բուլղարիա, Ուզբեկստան, Աբխազիա, Տաջիկստան, Սերբիա, Ղազախստան, Թուրքմենստան, Թաիլանդ, Դոմինիկյան Հանրապետություն, Հարավային Օսեթիա) եւ Ռուսաստանի 18 տարածաշրջանի ավելի քան 160 աշակերտ: Օլիմպիադան նախատեսված էր 2 տարիքային խմբի համար՝ պատանիների (9-րդ եւ 10-րդ դասարաններ) եւ ավագների (11-րդ եւ 12-րդ դասարաններ)։ ՀՀ թիմը հանդես է եկել պատանիների տարիքային խմբում։

Հայաստանը ներկայացրել է Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը` դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Նարեկ Մկրտումյանի ղեկավարությամբ։

Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 8-րդ օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առկա ձեւաչափով, պատանիների տարիքային խմբում մեր մասնակիցներն արժանացել էին 4 բրոնզե մեդալի։