10:46 | 15.03.24 | Նորություններ | 6571

Վիվա-ՄՏՍ-ի ջանքերով Սալլի գյուղում LED-լուսարձակներ են տեղադրվել

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հետեւողական աշխատանք են ծավալում Հայաստանի տարբեր մարզերում ծախսարդյունավետ ենթակառուցվածքներ հասանելի դարձնելու համար:

Վայոց ձորի մարզի Սալլի գյուղում փողոցների լուսադիոդային (LED) լուսարձակներով աշխատող համակարգի արդյունավետությունը հասցրել են զգալ 2019 թվականին, երբ այստեղ տեղադրվել է 40 լուսարձակ՝ լուսավորելով 1500մ ճանապարհ:

Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի աշնանը: Տեղադրվել է եւս 24 լուսարձակ, լուսավորվել 800մ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, երկու փուլի արդյունքում Սալլիում տեղադրվել է 64 LED-լուսարձակ, լուսավորվել 2300մ ճանապարհ: Արդիականացվել է նաեւ համակարգի կառավարման վահանակը: Բացի մութն ընկնելուն պես ավտոմատ կերպով միացվող համակարգից, նոր վահանակը հնարավորություն է տալիս լույսերը միացնել նաեւ GSM կապով հեռահար՝ բջջային հեռախոսի միջոցով:

«Խորհրդային տարիներին ունեինք լուսավորություն, բայց ամեն լուսարձակ, կարելի է ասել, չորս-հինգ տնտեսության սպառած էլեկտրաէներգիայի չափ հոսանք էր կլանում: Այս LED-լամպերը միասին, հավանաբար, դրանց մեկի չափ հոսանք չեն սպառի: Էլեկտրաէներգիայի պակաս սպառումից տնտեսված գումարներն օգտագործվում են գյուղի մյուս խնդիրները լուծելու համար»,- ասել է Սալլի բնակավայրի վարչական ղեկավար Մարտին Սարգսյանը:

Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկերությամբ իրականացվող ծրագրի արդյունքը երկարաժամկետ է եւ թիրախային: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատող լուսադիոդային համակարգերը էներգախնայող են եւ բնապահպանական տեսանկյունից առավել ընդունելի: Դրանք թույլ են տալիս սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ ապահովելով ավելի բարձր լուսատվություն: