11:27 | 11.03.24 | Նորություններ | 1425

Սիդնեյում կայացել է կանանց եւ նորարարության FEMINNO հայկական կոնֆերանսը

Մարտի 8-ին կայացել է կանանց ու նորարարության FEMINNO Սիդնեյ 2024 հայկական կոնֆերանսը, որը համախմբել է տեխնոլոգիաների մասնագետների, ոլորտի փորձագետների։

«Մի քանի տարի Հայաստանում ունենալով լուրջ հաջողություններ՝ հասկացանք, որ ժամանակն է արտահանել մեր ստեղծած եզակի բրենդը եւ սկսել համախմբել Սփյուռքի եւ արտասահմանյան համայնքներում նորարարությամբ զբաղվող կանանց, ինչպես նաեւ այս գործին աջակցող տղամարդկանց»,- ասել է FEMINNO-ի հիմնադիր Սեդա Պապոյանը։

Հայաստանից առաջին քայլը եղել է դեպի Սան Ֆրանցիսկո 2023 թվականի հոկտեմբերին, այնուհետեւ՝ Ավստրալիա։

Սիդնեյում FEMINNO կոնֆերանսին աջակցում էր Salesforce-ը։ Բանախոսների շարքում ներկայացված էին ականավոր փորձագետներ, ինչպիսիք են Salesforce-ի փոխնախագահ Սասուն Գրիգորյանը, NAB-ի գործադիրներից Լինդա Մինասյանը, SmartAID-ի համաշխարհային բարի կամքի դեսպան Alethea Gold-ը, UBS-ի գործադիրներից Լեոն Հակոբյանը, UNSW Data Science Hub-ի փոխտնօրեն Ֆաթեմե Վաֆային, AWS-ի ղեկավարներից Ագնես Փանոսյանը, Saasyan-ի գործադիր տնօրեն Սիդնի Մինասյանը եւ ուրիշներ։

«Պատիվ էր հյուրընկալել FEMINNO կոնֆերանսը Salesforce Sydney Tower-ում իրենց արբանյակային միջոցառման համար Կանանց միջազգային օրը: Դա ոգեշնչման օր էր՝ բացահայտելու կարիերայի եւ արհեստական բանականության զարգացումները, բազմազանությունը, իսկ ես խոսեցի, թե ինչպես կարող եք ձայն լինել ձեր ընկերությունում՝ ցուցադրելով մեր հայ աշխատակիցների խմբի օրինակը՝ ArmeniaForce-ը»,- նշել է Սասուն Գրիգորյանը:

Սիդնեյի համաժողովին աջակցում էին նաեւ ANC-AU-ի տեղական Հայկական մասնագիտական ցանցը եւ Հայաստանից կիբերանվտանգության Humanize Inc․ ստարտափը, որն արդեն ունի համաշխարհային հասանելիություն: Ներկայում FEMINNO թիմը սկսել է նոր գլոբալ անդամակցության ծրագիր ինչպես անհատների, այնպես էլ ընկերությունների համար, որպեսզի կարողանան խթանել մենտորության, գործընկերության եւ ներգրավվածության հնարավորությունները ավելի հասանելի ձեւերով:

Հայկական երաժշտությամբ, մշակութային ուտեստներով եւ գինով համեմված FEMINNO սիդնեյան կոնֆերանսը նաեւ հյուրընկալել է տեղացի պատգամավոր, Բենելոնգի դաշնային անդամ եւ տեխնոլոգիաների ու նորարարությունների խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ջերոմ Լաքսալին: Նա հատուկ ուղերձով է հանդես եկել համաժողովին՝ ներառելով տարածաշրջանում բարձր տեխնոլոգիաների զարգացումների պատկերը եւ ոլորտում կանանց խթանման վերաբերյալ իր տեսակետները:

FEMINNO 2024-ը Երեւանում նախատեսված է հուլիսի 27-28-ին՝ «Գեներատիվ արհեստական բանականությունը գործնականում․ մեծ տվյալներ, մեծ ազդեցություն» թեմայով: