18:01 | 01.03.24 | Նորություններ | 1603

Իլոն Մասկը դատի է տվել Սեմ Ալթմանին

Իլոն Մասկը դատական հայց է ներկայացրել OpenAI-ի եւ նրա գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի դեմ։

Իլոն Մասկը պնդել է, որ OpenAI-ի բազմամիլիարդանոց դաշինքը Microsoft-ի հետ խախտել է նորաստեղծ ընկերության սկզբնական առաքելությունը, այն է՝ մշակել արհեստական բանականության համակարգեր ի շահ մարդկության:

«OpenAI, Inc.-ը վերածվել է աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերության՝ Microsoft-ի փակ կոդով դուստր ձեռնարկության:

Իր նոր խորհրդի օրոք այն ոչ միայն զարգանում է, այլեւ մշակում է արհեստական ընդհանուր բանականություն (AGI)՝ Microsoft-ի շահույթն առավելագույնի հասցնելու համար, այլ ոչ թե մարդկության օգտին», - գրել են Մասկի փաստաբանները Սան Ֆրանցիսկոյի դատարան ներկայացված հայցադիմումում:

Իլոն Մասկը OpenAI-ի համահիմնադիրներից մեկն է։ 2015թ.-ին այն ստեղծվել էր որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը պարտավորվել էր անվտանգ կառուցել արհեստական ընդհանուր բանականության համակարգ։ Երեք տարի անց Մասկը լքել է OpenAI-ի խորհուրդը։ Այնուհետ եւ Microsoft-ը OpenAI-ում ներդրել է մոտ 13 մլրդ դոլար: Դաշինքը վերանայվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի մրցակցային կազմակերպությունների կողմից:

Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը ավելի վաղ ասել էր, որ ընկերությունները «շատ կարեւոր գործընկերներ են», բայց «Microsoft-ը չի վերահսկում OpenAI-ը»:

OpenAI-ը դարձել է գեներատիվ AI-ի առաջատարը, որը կարող է վայրկյանների ընթացքում գեներացնել տեքստ, պատկերներ եւ կոդ։ Մեծ տեխնոլոգիան ընկերությունները, ինչպիսիք են Google-ը եւ Amazon-ը, մրցակցում են ԱԲ ոլորտում եւ նույնպես մեծ ներդրումներ են կատարում AGI տեխնոլոգիայի մշակման ուղղությամբ: