10:26 | 28.02.24 | Նորություններ | 1509

Apple-ը հրաժարվել է ինքնավար էլեկտրամեքենայի մշակումից

Apple-ը հրաժարվել է ինքնակառավարվող էլեկտրական մեքենայի մշակումից, որի վրա ընկերությունն աշխատում էր ավելի քան 10 տարի, գրում է Bloomberg-ը։

Այն ստորաբաժանումը, որն աշխատել է դրա վրա, կլուծարվի, իսկ աշխատակիցներից ոմանք կզբաղվեն արհեստական բանականության վրա հիմնված արտադրանքի մշակմամբ։

Այս մասին Apple-ը հայտնել է Titan ծածկանունով ինքնավար էլեկտրական մեքենայի մշակման նախագծին մասնակցող 2000 աշխատակցի։ Որոշ աշխատակիցներ կկրճատվեն, իսկ թե կոնկրետ քանի հոգի կազատվի, հայտնի չէ։

Բացի ծրագրավորողներից, ստորաբաժանումում աշխատել է «մի քանի հարյուր» ինժեներ եւ դիզայներ, դեռ պարզ չէ, թե արդյոք նրանք կկարողանան դիմել Apple-ում այլ պաշտոնների համար, գրում է հրատարակությունը։ Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել:

TechCrunch-ի տվյալներով՝ աշխատակիցներին 90 օր ժամանակ կտրվի Apple-ում այլ պաշտոն գտնելու համար, հակառակ դեպքում նրանք կազատվեն աշխատանքից։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Titan նախագիծը շարունակում է կանգ առնել, եւ Apple-ը որոշել է հետաձգել էլեկտրական մեքենայի թողարկումը առնվազն մինչեւ 2028 թվականը։

Առաջին լուրերն այն մասին, որ Apple-ն աշխատում է էլեկտրական մեքենայի վրա, հայտնվեցին 2014-ին, երբ ընկերությունը բանակցություններ էր վարել Hyundai-ի, Kia-ի եւ Nissan-ի հետ, սակայն քննարկումներն արդյունքի չեն հանգեցրել։ Իլոն Մասկը 2020 թվականի դեկտեմբերին ասել է, որ Apple-ին առաջարկել է գնել Tesla-ն 60 միլիարդ դոլարով, եւ մերժում է ստացել: