17:02 | 27.02.24 | Նորություններ | 1627

Հայկական 14 ՏՏ ընկերություն մասնակցում է MWC 2024-ին

Փետրվարի 26-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ «Հայաստան» միասնական տաղավարով ցուցահանդեսին մասնակցում է հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն:

Նրանք ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության եւ մի շարք այլ ուղղություններով։

Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր եւ առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։

Այս տարի MWC-ի թեմաներն են 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:

Փետրվարի 26-29-ն անցկացվող միջոցառման ընթացքում նախատեսված են նաեւ ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալ ոլորտի զարգացման միտումներին եւ հաստատել նոր գործարար կապեր։