12:39 | 21.02.24 | Նորություններ | 1735

Հայ հիմնադիր ունեցող BioNeex-ը $500 հազար ներդրում է ներգրավել

BioNeex-ը, որը կենսադեղագործական արդյունաբերության գիտահետազոտական (R&D) բիզնեսի զարգացման հարթակ է, հայտարարել է 500 հազար դոլար սաղմնային փուլի ներդրում ներգրավելու մասին։

BioNeex-ի ներդրումները գլխավորել են բիոֆարմիկայի ոլորտի առաջատարները, այդ թվում՝ Pfizer-ի եւ Amgen-ի նախկին ղեկավարները: Ընկերությունը նաեւ հայտնել է, որ մեկնարկել է 6 միլիոն դոլարի ֆինանսավորման նոր փուլը:

BioNeex-ը կենսադեղագործական արդյունաբերության ոլորտում հետազոտության եւ զարգացման (R&D) տվյալների փոխանակման բաց հարթակ է:

Այն հանդիսանում է առցանց ենթակառուցվածք, որտեղ կենսադեղագործական, կենսատեխնոլոգիական ընկերությունները եւ հետազոտական հաստատությունները կարող են կյանքի կոչել տարատեսակ համագործակցային ֆորմատներ հետազոտության եւ զարգացման (R&D) գծով՝ համատեղ նախագծերից մինչեւ ներդրումներ։ Այն սպասարկում է ավելի քան 300 կենսատեխնոլոգիական եւ կենսադեղագործական ընկերության, ինչպես նաեւ վենչուրային ֆոնդերի։

Հավաքագրված միջոցները կօգտագործվեն պրոդուկտի մշակման համար, ներառյալ BioNeex հարթակի օգտատերերի փորձառությունը բարելավելու ուղղությամբ: Ընկերությունը նաեւ աշխատում է բարելավել հաճախորդների աջակցությունը եւ ավելացնել նոր ծառայություններ իր գլոբալ հաճախորդների համար:

«Մենք հպարտ ենք տեսնել, որ կենսադեղագործական արդյունաբերության մեծ փորձ եւ գիտելիքներ ունեցող ոլորտի առաջնորդներն իսկապես հավատում են BioNeex պլատֆորմին, որպես գործիք, որը մեծացնում է գործընկերությունն ու ներդրումները կենսադեղագործական ոլորտում՝ շուկայում անհատական կապերի միջոցով», - ասել է BioNeex-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սմբատ Ռաֆայելյանը։

BioNeex-ի թիմին որպես տեխնոլոգիական տնօրեն միացել է Էդգար Մարուքյանը, որը նախկինում Renderforest ընկերության տեխնիկական տնօրենն է եղել, ինչպես նաեւ ղեկավարել է մի քանի ստարտափ: