09:49 | 10.02.24 | Նորություններ | 1198
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման խթանման եւ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին օրենքի նախագծերի նախնական տարբերակները, որոնք կազմվել են ոլորտային ընկերությունների համատեղ ջանքերով եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթի մշակման եւ ընդունման քայլերի հաջորդականությունը՝ նշելով, որ քննարկումից եւ մշակումից հետո օրինագծերը ներկայացվելու է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ:
«Ինչպես գիտեք՝ վաղուց արդեն հանրային տարատեսակ ընկալումներում հարցադրումներ են լինում, թե ինչու է պետությունն առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում տնտեսության այս կամ այն ճյուղին: Շատ կարեւոր է ցույց տալ, որ ոլորտի զարգացումը, ոլորտում ավելի ու ավելի շատ ռեսուրսների կենտրոնացումը բխում է յուրաքանչյուր քաղաքացու շահերից», - նշել է նախարարը:
Օրինագծերի աշխատանքային տարբերակները մշակելիս՝ հեղինակներն ուսումնասիրել են Հայաստանի ՏՏ եւ ԲՏ ոլորտների զարգացման դինամիկան, տնտեսական ցուցանիշները, ոլորտի շրջանառությունն ու ներուժը, տնտեսական ընդհանուր միջավայրը՝ դիտարկելով առաջարկվող տնտեսական ազդեցության տարբեր սցենարներ: Նախագիծը նաեւ տալիս է բարձր տեխնոլոգիական ոլորտի սահմանումը՝ ներառում է ՏՏ եւ ինժեներական ոլորտները: