10:05 | 09.02.24 | Նորություններ | 1523

Granatus Ventures-ը ներդրում է կատարել Modicus Prime-ում

Հայաստանում առաջին վենչուրային ֆոնդը՝ Granatus Ventures-ը, հայտնել է խորը տեխնոլոգիական Modicus Prime ընկերությունում ներդրում կատարելու մասին։

Հայ հիմնադիր ունեցող Modicus Prime-ը լուծում է արհեստական բանականության (AI) եւ համակարգչային տեսողության (computer vision) խնդիրներ կենսաբանական բնագավառում, ինչպես նաեւ հետազոտությունների եւ արտադրման ժամանակ որակի վերահսկման եւ անոմալիաների հայտնաբերման նպատակով իրական ժամանակում որոշումներ կայացնում: Ընկերությունը մշակում է ծրագրային լուծումներ, որոնք ապահովում են իրական ժամանակում կենսաբանական պատկերների տեսողական վերլուծություն եւ ահազանգում հայտնաբերված աղտոտվածության մասին։

Ներդրման չափը, սակայն, չի հրապարակվում։ Granatus Ventures-ի ներդրումը կօգնի ընկերությանն արագացնել իր առաջատար լուծումների զարգացումը եւ ընդլայնել թիմը։

Modicus Prime-ը հիմնադրել եւ ղեկավարում է Թեյլոր Չարտիերը։ Տեխնիկական թիմը ղեկավարում է Դավիթ Վարդանյանը։ Ընկերությունն Հայաստանում ունի ինժեներների թիմ: Այն ներկայում համագործակցում է աշխարհի որոշ խոշորագույն դեղագործական ընկերությունների հետ։