2023թ. սեպտեմբերին Armenian Code Academy-ն (ACA) Yandex-ի հետ համատեղ նախաձեռնել է Engineering Deep Dive դասընթացը։ Այն նախատեսված էր ՏՏ ոլորտում արդեն իսկ աշխատող ծրագրավորողների համար՝ նպատակ ունենալով ավելացնել մասնագիտական գիտելիքները, փոխանակվել փորձով ու քննարկել իրական խնդիրներ, որոնց ծրագրավորողներն առնչվում են իրենց աշխատանքի ընթացքում:
Արդյունքում ծրագրին մասնակցել է 26 մասնագետ տեղական եւ միջազգային ՏՏ ընկերություններից, ինչպես նաեւ ծրագրավորողներ, որոնք աշխատում են սեփական ստարտափների վրա:
Դասընթացի ավարտից օրեր առաջ Itel.am-ը զրուցել է դրա կազմակերպիչների ու մասնակիցների հետ:
Մնալ մրցունակ
Աննա Մինասարյան, ACA ծրագրերի ղեկավար, Engineering Deep Dive ծրագրի համակարգող
Armenian Code Academy-ն ՏՏ ոլորտի մասնագիտություն ստանալու համար տարատեսակ դասընթացներ է առաջարկում, բայց եթե ուսումնասիրենք շուկան առհասարակ, դասընթացների մեծ մասը նախատեսված է սկսնակների համար: Թիրախում մարդիկ են, որոնք ցանկանում են նոր մասնագիտություն սովորել եւ աշխատել ՏՏ ոլորտում: Թվում է՝ դասընթացներ մշակողները մոռանում են արդեն իսկ աշխատող մասնագետների մասին, որոնք եւս նոր գիտելիք ստանալու, աճելու կարիք ունեն: Yandex-ի հետ համատեղ մշակված Engineering Deep Dive ծրագրով ցանկացանք լրացնել այս բացը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շատ դինամիկ է ու մասնագետը կարող է մրցունակ մնալ միայն անընդհատ սովորելով:
Դասընթացը նախատեսված էր առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող ծրագրավորողների համար՝ անկախ ծրագրավորման լեզվից, որով աշխատում են:
Աննա Մինասարյանը
photo © Մեդիամաքս
Շատ ոգեւորիչ էր, որ մասնակցության համար մեզ 692 մարդ դիմեց: Նրանցից մոտ 200-ը մասնակցեցին քննությանը, 50-ը հրավիրվեցին հարցազրույցի ու արդյունքում ընտրվեցին 26-ը, որոնք էլ մասնակցեցին սեպտեմբերի 27-ից հունվարի 24-ն ընթացող դասընթացին:
Մյուս ոգեւորիչ փաստն այն էր, որ խմբի 20-30 տոկոսն աղջիկներ էին: Սովորաբար ծրագրավորման դասընթացներին դիմում են հիմնականում տղաները:
Աննա Մինասարյանը
photo © Մեդիամաքս
Մասնակիցների հետ աշխատեց երեք մենտոր, ոչ միայն ACA-ից, այլեւ՝ հրավիրյալ:
Մեզ համար շատ կարեւոր էր, որ դասընթացի մշակման վրա աշխատեցինք Yandex-ի հետ: Սա ոգեւորում էր նաեւ մասնակիցներին, քանի որ նման խոշոր ՏՏ ընկերության ներգրավվածությունը ծրագրին մոտիվացնող է: Այսպիսով ուսանողները հնարավորություն էին ստանում ոչ միայն նոր գիտելիք ստանալ, այլեւ առավել ամուր կապեր հաստատել ՏՏ համայնքի հետ, ծանոթանալ այլ ընկերությունների աշխատանքին:
Փոխանցել փորձի վրա հիմնված գիտելիք Մարուսյա Լեժնեւա, Yandex-ի հայաստանյան գրասենյակի մարդկային ռեսուրսների մենեջեր Yandex-ը միշտ աջակցել է կրթությանը: Համագործակցում ենք ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, այնպես էլ՝ մշակում որակավորման բարձրացման սեփական ծրագրերը: Առհասարակ, այն ամենն ինչ վերաբերում է ՏՏ ոլորտում կրթությանը մշտապես եղել է մեր հետաքրքրության դաշտում եւ Հայաստանը բացառություն չէ:
Այստեղ բավականին արագ ծանոթացանք Armenia Code Academy-ի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ սա անհավանական նախագիծ է, որը որակյալ կրթություն է ապահովում ինչպես սկսնակների, այնպես էլ՝ ՏՏ ոլորտում արդեն աշխատող մասնագետների համար: Տեսնելով նրանց աշխատանքը՝ ցանկացանք համատեղ ծրագիր իրականացնել: Լիովին վստահեցինք ACA-ի թիմին, որը հիանալի տիրապետում է շուկային ու գիտի, որ հատկապես «Middle» ծրագրավորողների մեծ պահանջարկ կա: Այնպես որ, որոշեցինք դասընթացը մշակել արդեն աշխատող մասնագետների համար, որոնք ցանկանում են նոր գիտելիք ստանալ:
Մարուսյա Լեժնեւան
photo © Մեդիամաքս
Կարեւոր եմ համարում Yandex-ի մասնակցությունը կրթական ծրագրերին, քանի որ մեր դասախոսները գործող մասնագետներ են: Նրանց փորձը հիմնված է ծրագրավորմամբ զբաղվելու երկար ու ձիգ ժամերի վրա: Չէ՞ որ ցանկանում ենք դասընթացի մասնակիցներին փոխանցել գիտելիք, որն անհրաժեշտ ու պահանջված է շուկայում: Հենց այս խնդիրն է լուծում ոլորտի գործատուների մասնակցությունը կրթական գործընթացին:
Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ է անցել: Ուրախ ենք, որ դիմորդների կողմից այսպիսի հետաքրքրվածություն կար: Կարելի է ասել՝ դասընթացի մեկ տեղի համար 25 մասնակից էր դիմել: Անձամբ շատ ուրախ եմ, որ մեծ ակտիվություն կար աղջիկների կողմից:
Լինել ծրագրավորող = միշտ սովորել Անդրանիկ Խանդանյան, ACA-ում Java Practice Lead, Engineering Deep Dive դասընթացի կազմող եւ մենտոր ACA-ի եւ Yandex-ի համատեղ դասընթացի նպատակը գործող ծրագրավորողների հիմնարար, մասնագիտական գիտելիքների ամրապնդումն էր: Ծրագիրը կազմելիս ներառել ենք օբյեկտ օրիենտացված անալիզ, դիզայնի մոտեցումներ, տվյալների կառուցվածքներ եւ ալգորիթմներ, զուգահեռ աշխատանք, դիզայն փաթեթներ եւ ռեֆակտորինգ:
Կարեւոր էր, որ այն նախատեսված էր ծրագրավորման տարբեր լեզուներով աշխատող մասնագետների համար: Դասընթացի հիմքում գործնական օրինակներն էին ու համատեղ աշխատանքը ուսանողների հետ:
Անդրանիկ Խանդանյանը
photo © Մեդիամաքս
Քանի որ դասընթացի մասնակիցները գործող ծրագրավորողներ էին, այն ամենն ինչի մասին խոսում էինք, նրանց համար ոչ թե աբստրակտ օրինակներ էին, այլ իրավիճակներ, որոնց առնչվել են սեփական աշխատանքի ժամանակ: Շատ հետաքրքիր քննարկումներ էին ստացվում:
Բուն գիտելիքից բացի, ծրագրի մասնակիցներին փոխանցել ենք նաեւ բազմաթիվ ռեսուրսներ, որոնք հետագայում կկարողանան ինքնուրույն ուսումնասիրել:
Կարծում եմ՝ այս դասընթացը կարող է շարունակական ծրագրի առաջին մասը լինել, քանի որ ՏՏ ոլորտը շատ դինամիկ է ու մասնագետը պետք է միշտ նոր գիտելիք ստանա:
Ամենաթարմ օրինակներից մեկն արհեստական բանականության ակտիվացումն է: ՏՏ ոլորտի մասնագետը պետք է բաց լինի նորարարությունների, նոր հմտությունների համար: Օրինակ՝ արհեստական բանականությունը դարձնի իր աշխատանքային գործիքներից մեկը, ոչ թե «մրցակցի» դրա հետ:
Անդրանիկ Խանդանյանը
photo © Մեդիամաքս
Միշտ ասում եմ՝ ծրագրավորող լինելը հավասար է միշտ սովորելուն: Մասնագետները պետք է հիշեն, որ ծրագրավորման լեզուն ընդամենը գործիք է ու միայն լեզու իմանալով՝ մարդը չի դառնում ինժեներ:
Ծրագրավորող, երկու երեխայի մայրիկ ու «հավերժ ուսանող» Սոնա Միքայելյան, Team Solutions ընկերության ծրագրավորող, Engineering Deep Dive ծրագրի ուսանողԱրդեն 1,5 տարի աշխատում եմ Team Solutions ընկերությունում՝ որպես Java ծրագրավորող: Կարող եմ ասել` ՏՏ ոլորտում աշխատելուս մեջ մեծ է Armenian Code Academy-ի գործոնը, քանի որ ի սկզբանե մասնագիտանալու համար մասնակցել եմ ACA դասընթացներին: Այնպես որ, Engineering Deep Dive ծրագրի մասին իմանալուց հետո անմիջապես դիմեցի: Իհարկե, շատ մոտիվացնող էր նաեւ Yandex-ի մասնակցությունը ծրագրին եւ այն, որ նման ինտենսիվ դասընթացներն անվճար են:
Սոնա Միքայելյանը
photo © Մեդիամաքս
Այս ամիսների ընթացքում միմյանց հետ կիսվում էինք իրական խնդիրներով, որոնց հանդիպել ենք աշխատանքի ընթացքում: Դասախոսները եւս ներկայացնում էին իրենց փորձը, կիսվում, որ աշխատանքի առաջին տարիներին բախվում էին ճիշտ նույն խնդիրներին: Դասընթացը գիտելիքից բացի, շատ կարեւոր էր նաեւ հոգեբանական առումով:
Երբ ՏՏ ոլորտում սկսնակ ես ու բախվում ես որեւէ խնդրի, թվում է՝ պատճառը դու ես, ինչ-որ հմտությունների, գիտելիքի պակասը: Երբ հավքվում են նույն ոլորտի մարդիկ ու պատմում, որ դա նորմալ է, իրենք էլ են անցել նույն ճանապարհը, լավ առումով առավել ինքնավստահ ես դառնում:
Իհարկե, ստացել ենք նոր մասնագիտական գիտելիք, որը, միանշանակ, հետագայում կկիրառվի մեր աշխատանքում: Այնպես որ, շատ եմ կարեւորում մասնակցությունս ծրագրին:
Սոնա Միքայելյանը
photo © Մեդիամաքս
Ընկերական շրջապատում, ընտանիքում ինձ մեկ-մեկ կատակով «հավերժ ուսանող» են անվանում, քանի որ երկու երեխայի մայրիկ եմ, ունեմ աշխատանք, բայց նաեւ կարեւորում եմ շարունակական կրթությունը:
Կարծում եմ՝ անկախ տարիքից ու զբաղվածությունից, մարդը պետք է միշ
տ սովորի նորը: Որակյալ մասնագետ լինելու ձգտումից բացի, ինձ մոտիվացնում է նաեւ այն, որ լավ օրինակ եմ երեխաներիս համար: Տղաս 12 տարեկան է ու մեկ-մեկ ասում է՝ «սա չեմ սովորելու», ես օրինակ եմ բերում իր մայրիկին, որը դեռ սովորում է
(ժպտում է – հեղ.):
Յանա ՇախրամանյանԼուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի