12:54 | 16.01.24 | Նորություններ | 1751

Թումոն` կրթական նորարարների աստղային 100-ում

HundrED-ը Թումոն ընդգրկել է տարվա 100 նորարարների աստղային ցանկում՝ ճանաչելով լավագույններից մեկը կրթական յուրահատուկ եւ նորարար մոդել ունեցող կազմակերպությունների շարքում:

HundrED-ը փնտրում եւ բացահայտում է կազմակերպություններ եւ նախաձեռնություններ, որոնք փոփոխություններ են բերում իրենց համայնքներում եւ երբեմն՝ դրանցից դուրս: HundrED-ն ուսումնասիրում է համագործակցային ուսուցման, հոգեկան առողջության, կրթական միջավայրի, թվային հմտությունների, կրթական հավասարության, ներառականության եւ այլ ոլորտներ:  

HundrED-ի 2024 թվականի վարկանիշում տեղ են գտել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Room to Read-ը (գրագիտությունն ու գենդերային հավասարությունը խթանելու համար) եւ Compass Education-ը (կայուն զարգացմանը նպաստելու համար):

HundrED-ը Թումոյի կրթական մոդելը համարում է յուրահատուկ, քանի որ «ծրագիրը փոխվում է ինքնուսուցումից դասընթացներ եւ աշխատարաններ, որոնք վարում են ոլորտի առաջատար դասընթացավարներն ու մասնագետները»: HundrED-ը տպավորիչ է համարում նաեւ փաստը, որ Թումոյում նույն դասընթացին կարող են լինել տարբեր տարիքների, սոցիալական խմբերի եւ հետաքրքրությունների ուսանողներ: Թումոյում չկա գնահատման համակարգ: Փոխարենը ուսանողները հնարավորություն են ստանում մասնակցել իրենց նախընտրած դասընթացներին եւ աշխատարաններին: