11:43 | 16.01.24 | Նորություններ | 1582

Web3 Հայաստան հիմնադրամը կհամագործակցի Վրաստանի Web3 պալատի հետ

Web3 Հայաստան հիմնադրամը եւ Վրաստանի Web3 պալատը կհամագործակցեն ու կկազմակերպեն համատեղ միջոցառումներ։

2024 թվականի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի Web3 համայնքների միջեւ սերտ գործակցության արդյունքում կկազմակերպվեն գիտելիքի փոխանակումներ, նեթվորքինգ եւ կխթանեն Web3 էկոհամակարգի զարգացումն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում:

Երկու կառույցները կհամագործակցեն, որպեսզի ստեղծեն եւ մշակեն համապարփակ կրթական նախաձեռնություններ՝ մասնագետներին, որոշումն կայացնողներին եւ պետական եւ մասնավոր հաստատությունների ներկայացուցիչներին Web3-ի եւ հարակից տեխնոլոգիաների իրավական եւ տեխնիկական ասպեկտների վերաբերյալ կրթելու համար: Ծրագիրն առաջինն է լինելու Հայաստանում։

Հիմնվելով Վրաստանի փորձի վրա՝ վրացական կողմը կանցկացնի վեբինար, որտեղ վրացի փորձագետները կկիսվեն իրենց փորձով, թե ինչպես են կարգավորող շրջանակները ազդում իրավական դաշտի, ֆինանսների հասանելիության եւ Վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների (VASPs) եւ այլ շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների վրա: Փոխադարձ վեբինարով հանդես կգան նաեւ հայաստանյան Web3 ընկերությունները՝ ներկայացնելով իրենց փորձը։

Բացի այդ, կկազմակերպվեն նաեւ դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպումներ հայ եւ վրացի Web3 համայնքների ներկայացուցիչների հետ՝ ավելի ամրապնդելու առկա կապերը, փոխանակվելու գաղափարներով եւ հաստատելու կարեւոր համագործակցություններ։

«‎Այս նախաձեռնությունները միասին նշանակալից քայլ են մեր երկրներում Web3 տեխնոլոգիաների զարգացման համար կենսունակ եւ աջակցող միջավայր ստեղծելու ուղղությամբ: Մենք անհամբեր սպասում ենք մեր համայնքների ակտիվ մասնակցությանը այս միջոցառումներին եւ ակնկալում ենք արդյունավետ համագործակցության եւ աճի տարի Web3 տիրույթում»,- նշել են նախաձեռնության հեղինակները։