15:36 | 29.12.23 | Նորություններ | 2628

Team Telecom Armenia-ն ամփոփել է իրականացրած ծրագրերը

Team Telecom Armenia-ն ամփոփել է անցնող տարին։ IPO-ի հաջող իրականացում եւ բաժնետոմսերի ցուցակում, նոր սերնդի ցանցի կառուցում ու բջջային կայանների վերազինում, Team Energy նախագծի մեկնարկ եւ մի շարք աջակցության ծրագրեր։

Սրանք ընկերության իրականացրած խոշոր նախագծերի մի մասն են։

Team Telecom Armenia-ն դարձավ առաջին տելեկոմ ընկերությունը Հայաստանում, որի բաժնետոմսերն առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով ցուցակվեցին ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխվեց 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, ինչի արդյունքում Team-ի բաժնետերերի թիվն ավելացավ 1000-ով։ Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը եւ միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։   

Շարունակելով ռազմավարական նշանակության NGN ցանցի կառուցումը՝  ընկերությունն ավարտեց աշխատանքները Սյունիքի մարզի խոշոր քաղաքներում եւ մյուս մարզերի մեկ տասնյակից ավել քաղաքներում ու գյուղերում։ 25 000 Մբ/վ թողունակությամբ գերարագ կապից արդեն օգտվելու հնարավորություն ունեն 223 000 տնային տնտեսություն Հայաստանի տարբեր բնակավայրերում։

Ընկերությունը նաեւ վերազինել է 34 բջջային կայան եւ նոր ներկայացուցչական կետեր ավելացրել Ֆրանկֆուրտի ու Ամստերդամի տվյալների կենտրոններում, ինչը ինտերնետի օգտագործումը Հայաստանում կդարձնի հուսալի ու որակյալ։

Էլեկտրական մեքենաների օգտագործումը Հայաստանում խթանելու եւ ավելի հեշտ, անխոչընդոտ ու հաճելի դարձնելու նպատակով Team-ը գործարկեց Team Energy արագ լիցքավորման կայանները Հայաստանի ողջ տարածքում։ Լիցքավորման կայաններից օգտվելու համար պետք է ներբեռնել Team Energy հավելվածը։

Team-ի այս տարվա ծրագրերից անմասն չմնացին նաեւ խաղերի սիրահարները․ համաշխարհային ճանաչում ունեցող GeForce Now-ի հետ համագործակցությամբ ընկերությունը մեկնարկեց GeForce Games ամպային ծառայությունը՝ իր բաժանորդներին առաջարկելով ամենասովորական համակարգիչը, հեռուստացույցը, հեռախոսը կամ պլանշետը դարձնել խաղային հզոր սարք ու խաղալ ամենապահանջված խաղերը՝ պարզապես ունենալով գերարագ ինտերնետ։

«Անցնող տարին Team Telecom Armenia-ի համար համարձակ քայլերի եւ որոշումների տարի էր։ Ուրախ եմ, որ մենք կարողացանք իրականացնել այս մեծ նախագծերը անկախ այն բոլոր մարտահրավերներից ու դժվարություններից, որոնց հանդիպեցինք 2023-ին։ Այս բոլոր հաջողությունների հետեւում կանգնած է մեր նվիրված, հետեւողական ու երկարաժամկետ մտածող թիմը, բաժանորդները ու գործընկերները։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրին գործադրած ջանքերի ու համագործակցության համար։ Ցանկանում եմ, որ գալիք տարում ամեն օր փորձենք փոխել իրականությունը՝ դարձնելով այն ավելի համարձակ ու նորարար, գունավոր ու ջերմ»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Սեպտեմբերյան ցավալի իրադարձությունների ընթացքում եւ դրանից հետո Team-ը հեռախոսի ու ինտերնետ կապի հասանելիությամբ ապահովեց արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ ակտիվացնելով 097 կոդով հեռախոսահամարները Հայաստանի տարածքում եւ տրամադրելով անվճար կապ 6 ամիս ժամկետով։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում Team-ն աջակցել է մի շարք կրթական ու գիտական ծրագրերի, մասնակցել տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներին։ Խրախուսելով թիմային սպորտաձեւերի տարածումը ՝ ընկերությունը շարունակել է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, միացել է Միլանի մանկապատանեկան ճամբարը Հայաստան բերելու Ամերիաբանկի նախաձեռնությանը, որին մասնակցեցին 160 պատանի ֆուտբոլասերներ երկրի տարբեր մարզերից։ Որպես ազգային օպերատոր՝ արժեւորելով հայկական մշակույթն ու վերջինիս տարածումը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իրականացրել է «Սիմֆոնիկ ռինգտոններ» նախագիծը՝ ձայնագրելով հայ հայտնի կոմպոզիտորների մեղեդիները ու դրանք վերածելով հեռախոսազանգի։

Ընկերության իրականացրած ծրագրերին ամբողջությամբ ծանոթանալու համար կարող եք դիտել ամփոփիչ հոլովակը։