15:52 | 19.12.23 | Նորություններ | 1500

Թումոն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:

Ծրագիրը նախաձեռնվել է 2018-2019 թվականներին՝ Թումոյում անցկացված աշխատարանների ընթացքում ուսանողների կողմից մի շարք հայկական պատմամշակութային հուշարձանների սկանավորմամբ:  

Լազերային սկանավորման եւ ֆոտոգրամետրիայի միջոցով Թումոյի ուսանողներն այս ընթացքում թվայնացրել են Դիլիջանի ազգային պարկում գտնվող Մաթոսավանքը, Արագած լեռան վրա գտնվող Ամբերդ ամրոցը, Քարվաճառի Դադիվանք վանական համալիրը, Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը եւ մի շարք այլ վայրեր: Մինչ այս պահը սկանավորվել է 230 վայր, իսկ Հայաստանի մնացյալ բոլոր կարեւոր հուշարձանները կթվայնացվեն առաջիկա տարիների ընթացքում:

Սուրբ Հովհաննես Եկեղեցի, Սիսիան Սուրբ Հովհաննես Եկեղեցի, Սիսիան
photo © Թումո


Նախաձեռնության շրջանակում թվայնացվել են Արցախի մի շարք կարեւորագույն հուշարձաններ: 2020 թվականի 44-օրյա պատերազմին անմիջապես հաջորդող շաբաթների ընթացքում Թումոյի աշխատակիցները բարձրորակ եռաչափ սկանավորման միջոցով թվայնացրել են Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում եւ Բերձորում գտնվող 46 պատմամշակութային վայր, այդ թվում՝ Տիգրանակերտը, Ծիծեռնավանքը, Հակի կամուրջը եւ մի շարք այլ հնագիտական վայրեր, վանական համալիրներ եւ հուշարձաններ: Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ հատվածներում գտնվող եւս 30 պատմական եւ մշակութային կոթողներ են սկանավորվել 2022 թվականի նոյեմբերին:

Արդյունքում ստեղծված բարձրորակ եռաչափ տվյալներն ու մոդելները հնարավորություն են տալիս մանրամասնորեն փաստագրել եւ ուսումնասիրել պատմամշակութային կարեւորություն ունեցող հայկական հուշարձանները՝ նպաստելով դրանց երկարաժամկետ պահպանմանը: Դրանք կարեւոր ռեսուրս են կրթական եւ մշակութային աշխատանքների, ինչպես նաեւ թվային մեդիա արտադրության համար: Ավելին, եռաչափ պատկերները գիտական հաստատություններին եւ գիտնականներին հնարավորություն են տալիս իրականացնել մշակութային ժառանգության մոնիթորինգ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պահպանման եւ վերականգնման աշխատանքներ:

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Եղվարդ Սուրբ Աստվածածին եկեղեցի, Եղվարդ
photo © Թումո


Աշխատանքները ներկայում մեծ տեմպերով շարունակվում են Հայաստանում. սկանավորման եւ ֆոտոգրամետրիայի միջոցով բազմաթիվ վայրեր են թվայնացվում ամեն ամիս, իսկ առաջիկա 2-3 տարվա ընթացքում նախատեսվում է սկանավորել 300 հայկական հուշարձան:

Զուգահեռաբար մշակվում են սկանավորման տվյալները՝ ստեղծելով բարձրորակ եւ ամբողջապես գունավորված եռաչափ վիզուալիզացիաներ, որոնք թույլ կտան ոչ միայն մանրամասնորեն չափագրել եւ ուսումնասիրել պատմական վայրերը, այլեւ «շրջել» դրանց տարածքում: Այս ինտերակտիվ մոդելները պատմական ակնարկների եւ համապատասխան այլ տեղեկատվության հետ միասին հանրությանը հասանելի դարձնելու համար 2024 թվականին կհրապարակվի շարունակաբար թարմացվող օնլայն հարթակ:

photo © Թումո


«Շատ կարեւոր է, որ այս թվային արխիվը հասանելի է լինելու լայն հանրությանը եւ որ այն փաստագրում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի պատմամշակութային վայրերը: Արխիվը մասնագետներին թույլ կտա վնասման եւ ոչնչացման վտանգի տակ հայտնված հուշարձանների առավել արդյունավետ մոնիթորինգ իրականացնել` նպաստելով նաեւ վերականգնման եւ վերակառուցման հետագա աշխատանքներին»,- նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Տեսանյութում կարող եք վիրտուալ շրջել Դաշտադեմի ամրոցում։