09:41 | 18.12.23 | Հոդվածներ | exclusive 2450

idict. 137 լեզվով հաղորդակցվող հայկական հավելվածը

2023 թվականի սեպտեմբերին թողարկվել է հայկական idict հավելվածը, որը առաջարկում է ձայնային թարգմանություն (voice translator), ինչպես նաեւ ստեղնաշարային թարգմանություն (text translator), լուսանկարի թարգմանություն (photo translator) եւ զրուցարան։

Հավելվածը հնարավորություն է տալիս հաղորդակցվել 137 լեզվով։

Addevice ընկերության հիմնադիր տնօրեն Գրիգորի Ջլավյանը պատմում է, որ 8 տարի առաջ իրենք ստեղծեցին 40 լեզվով առցանց բառարաններ։ Ընտրել էին այն լեզուները, որոնցով այն ժամանակ նյութեր քիչ կային, օրինակ՝ եթովպերեն, բիրմաներեն եւ այլն։ Այդ բառարանները մոտ 7 միլիոն ներբեռնում է ունենում, ինչը ցուցիչ էր, որ պահանջարկ կա, սակայն տեխնոլոգիաների, հատկապես սմարթֆոնների, հնարավորությունները դեռ թույլ չէին տալիս ստեղծել «խոսող» հավելված։

Գրիգորի Ջլավյանը Գրիգորի Ջլավյանը
photo © Addevice



Մոտ 2 տարի առաջ սկսել են աշխատել idict հավելված վրա։ Հավելվածում բոլոր գործառույթները հասանելի են նաեւ հայերենով, բայց հայաստանյան շուկան թիրախային չեն համարում.

«Հայաստանում բնակչությունը քիչ է, մեծամասամբ նույն լեզվով ենք խոսում, իսկ արտերկրում մարդիկ հաճախ խնդիր ունեն առօրյայում հաղորդակցվելու, հասկացվելու»,- ասում է Գրիգորի Ջլավյանը։

Այս պահին ծրագիրն ամենաշատը Ամերիկայի Միացյալ Նահանգներում են օգտագործում, բայց աշխարհագրությունը լայն է՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ադրբեջան, Թուրքիա։ Ամենապահանջված լեզուն իսպաներենն է։

Հավելվածի հիմնական առավելությունը ձայնային թարգմանությունն է։

«Մի քանի օր առաջ օնլայն հանդիպում ունեինք մեր գործընկերների հետ, պարզվեց՝ մեկը անգլերեն չգիտի՝ Չիլից էր: Ներբեռնեց մեր հավելվածը, անգլերեն-իսպաներեն ձայնային թարգմանությամբ հասկացանք իրար, հանդիպումը կայացավ»,- պատմում է Գրիգորի Ջլավյանը։

photo © Addevice



idict-ը վերլուծում եւ կրկնօրինակում է խոսողի ձայնը։

«Մենք փորձում ենք թարգմանությունը լավագույնս անել, բայց այն հավասար չէ մարդու կողմից արված թարգմանությանը։ Ամբողջ աշխարհում հավելվածների ճշտությունը առավելագույնը 93-94% է, մեր ծրագրի դեպքում՝ 70-93%՝ պայմանավորված միջավայրով, աղմուկի առկայությամբ»,- ասում է Գրիգորի Ջլավյանը։

Ձայնը տեքստի փոխակերպելը ապագայի խնդիրներից է, ծրագրերում նաեւ տեսանյութերի թարգմանությունն է։

Ժաննա Բեքիրյան