17:32 | 15.12.23 | Հոդվածներ | exclusive 2972

«Որակի վերահսկումը հաճախորդին լավագույն փորձառությունը տրամադրելու մասին է». QA Meetup՝ DataArt-ում

DataArt ընկերությունում անցկացվել է երկօրյա QA Meetup, որին մասնակցել է ոլորտի մոտ 250 մասնագետ՝ տարբեր ՏՏ ընկերություններից:

Միջոցառման կազմակերպման հարցում DataArt-ին աջակցել են Adobe Armenia, Quantori, Miro, Align Technology կազմակերպությունները, որոնց մասնագետները ներկաների հետ կիսվել են իրենց փորձով:

photo © Մեդիամաքս


Itel.am-ի հետ զրույցում DataArt-ի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն, մարդկային ռեսուրսների գծով տնօրեն Իշխան Մարգարյանը պատմել է Meetup-ի նպատակների եւ որակի վերահսկման մասնագետների կարեւորության մասին:

Կիսվել գիտելիքով

Տարվա ընթացքում բազմաթիվ նման միջոցառումներ ենք անցկացրել եւ ամփոփելով դրանք՝ հասկացանք, որ կարող ենք կազմակերպել եւս մեկը: Որակի վերահսկման մասնագիտության հետ կապված այժմ մեկ այլ ծրագիր ունենք ընթացքում՝ արցախցի կանանց համար կազմակերպված QA դպրոցը: Այս անգամ DataArt-ի որակի վերահսկման մասնագետներն առաջարկեցին հանդիպել ՏՏ համայնքի այլ ներկայացուցիչների հետ, կիսվել փորձով եւ գիտելիքով:

Առհասարակ, DataArt-ի համար գիտելիքով կիսվելը շատ կարեւոր է: Կարծում ենք, որ բիզնեսի եւ ՏՏ համայնքի զարգացման մեջ ներդրում ունենալու լավագույն ձեւը նման հանդիպումներն են:  

Իշխան Մարգարյանը Իշխան Մարգարյանը
photo © Մեդիամաքս


Այս երկու օրերին մեզ մոտ կլինեն ոչ միայն հմուտ, այլեւ՝ սկսնակ մասնագետներ, եւ այս Meetup-ը կարող է լավ մոտիվացիա լինել նորը սովորելու, ՏՏ ոլորտին առավել լավ ծանոթանալու համար: Ի վերջո, մասնագիտական տեսանկյունից սա ոչ միայն համայնքի ներկայացուցիչների հանդիպում է, այլեւ՝ QA շատ ինտենսիվ դասընթաց, քանի որ մեր խոսնակների թվում ոլորտի լավագույն մասնագետներ են:

Շատ կարեւոր է համայնքի հետաքրքրվածությունը: Երկօրյա Meetup-ին գրանցվել է շուրջ 300 մասնակից, ակնկալում ենք, որ նրանցից առնվազն 250-ը ներկա կլինի միջոցառմանը:

photo © Մեդիամաքս


QA-ը ծրագրավորողին սխալվելու «կանաչ լույս» տալու մասին չէ

Որակի վերահսկման մասնագետների պահանջարկը ՏՏ ոլորտում չի նվազում: QA մասնագիտության հետ կապված առհասարակ երկու տեսանկյուն կա: Ըստ մեկի՝ եթե կազմակերպությունն ունի շատ որակյալ ծրագրավորումների թիմ, ապա պետք չէ թեստավորել կամ վերահսկել նրանց կատարած աշխատանքի որակը: Սակայն երկրորդ տեսանկյունն, ըստ իս, առավել համապատասխան է իրականությանը: Այո, եթե խոսքը փոքր կազմակերպության մասին է, առավել ուշադիր լինելով՝ հնարավոր է վերահսկել որակը: Բայց եթե ընկերություն ես, որն ունի 6000 աշխատակից ու ցանկանում է աճի հնարավորություն տալ նաեւ կրտսեր մասնագետներին, բնականաբար, որակի վերահսկման մասնագետները խիստ անհրաժեշտ են:

photo © Մեդիամաքս


Շատ կարեւոր է խոսել նաեւ QA-ի էության մասին: Որակի վերահսկումը չի նշանակում սխալվելու «կանաչ լույս տալ» ծրագրավորողներին: Որակի վերահսկումը նշանակում է անել ամեն ինչ, որպեսզի հաճախորդն ու օգտատերը ունենան լավագույն պրոդուկտը, լավագույն փորձառությունը: Այսինքն՝ պրոդուկտն անցնի ստուգման միանգամից մի քանի օղակով, ինչից հետո միայն հանձնվի շուկային:

Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի