17:32 | 01.12.23 | Հոդվածներ | exclusive 3825

Allclean. հավաքական հարթակ մաքրության ծառայություններ պատվիրելու համար

Հայկական Allclean ստարտափը մի քանի պարզ քայլով թույլ է տալիս ակնթարթորեն պատվիրել մաքրության ծառայություններ iOS հավելվածի եւ վեբկայքի միջոցով, ինչպես նաեւ նախապես ստանալ վերջնական գնառաջարկներ, համեմատել դրանք ու տեսնել այլ օգտատերերի արձագանքները։    

Այս տարվա հուլիսին ծառայությունը գործարկվել է նաեւ Լոս Անջելեսում։ Allclean-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Նարեկ Հովեսյանն iTel.am-ի հետ զրույցում պատմել է ստարտափի ստեղծման ու հեռանկարների մասին։

Իրավագիտությունից դեպի ստարտափների աշխարհ

Ավարտել եմ Սլավոնական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։ 3-րդ կուրսից ընկերոջս հետ բիզնես սկսեցինք, որը ձեռնարկատիրության աշխարհ մտնելու իմ առաջին լուրջ փորձերից էր։ Այդ ժամանակ՝ 2018-ին, The Place անունով co-working ու անտիսրճարան էինք բացել, որտեղ ինտելեկտուալ տարբեր միջոցառումներ, քուիզներ ու խաղեր էինք կազմակերպում։

The Place-ը վաճառեցինք որպես եկամուտով աշխատող բիզնես։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում աշխատեցի իրավաբան, բայց կարճ ժամանակ անց այլեւս չշարունակեցի։ Այդ ընթացքում առաջացավ Allclean-ի գաղափարը։ Մայրիկս միշտ բախվում էր տան համար վստահելի մաքրության ծառայություն գտնելու խնդրին, պատվիրում էր ու դժգոհ մնում: Որոշեցի օգնել նրան եւ լուծել այդ խնդիրը:

Առաջին քայլերը

Սկսեցինք 2020-ի Քովիդի ընթացքում։ Սկզբում դժվար էր, մենակ էի ու տեխնոլոգիական կրթություն չունեի, կոդ չէի գրում։ Մինչեւ թիմ հավաքելը շատ բան մենակ էի անում։ Քովիդի ժամանակ շատ գործընթացներ էին կանգ առել, բայց ցանկացած ճգնաժամ իր հնարավորություններն ունի ու Allclean-ում գործարկեցինք ախտահանման ծառայություններ բիզնես հաճախորդների համար։

Որպես համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն միացավ ընկերս՝ Սուրեն Պողոսյանը, ու սկսեցինք մշակել հավելվածն ու վեբկայքը։ Համահիմնադիր է նաեւ եղբայրս՝ Արտաշեսը, նա նույնպես տեխնիկական գծով է խնդիրներ լուծում։

2021-ին Հայաստանում գործարկեցինք հավելվածը որպես տան մաքրության ծառայությունների հավաքական հարթակ (marketplace): Սկսեցինք հաճախորդներին կապել այդ ծառայությունների հետ։

Հայաստանի շուկայից Միացյալ Նահանգներ

Ի սկզբանե թիրախավորել ենք համաշխարհային շուկան։ Հայաստանում թեստավորում ենք գործընթացները, փորձ ձեռքբերում հետագայում ավելի ընդլայնվելու նպատակով։

photo © Մեդիամաքս


ԱՄՆ շուկան ընտրելու հարցում օգնել է gg-ի հիմնադիր Խաչատուրը: Նրա հետ զրուցելուց հետո որոշեցինք առաջինն ԱՄՆ շուկայում ընդլայնվել, ոչ թե՝ տարածաշրջանում կամ Եվրոպայում: ԱՄՆ-ում մի քաղաքից մյուսը տարածվելն ավելի հեշտ է, քան՝ այլ երկրներում։ Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում բիզնեսի, գործառնությունների ու մարքեթինգի առումով գրեթե նույն տրամաբանությունն է գործում։ Այս տարվա հուլիսին սկսեցինք Լոս Անջելեսում գործել, ավելի ընդլայնվելուց հետո արդեն ծրագրում ենք Սան Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի շուկաների մասին:

Սա նույնպես շատ բարդ ճանապարհ էր մեզ համար, որն անցանք ու կարողացանք մեկնարկել գործունեությունը։ Մեր երեք համահիմնադիրներից ոչ ոք Միացյալ Նահանգներում դեռ չի եղել, ինչը նույնպես բարդացնում էր շուկան ավելի լավ հասկանալու համար։ Մոտ 3500-ից ավելի գրանցված օգտատեր ունենք: Հայաստանում ու Միացյալ Նահանգներում մաքրություն իրականացնող 7 ծառայության հետ ենք համագործակցում։

Մրցակիցներն ու Allclean-ի առանձնահատկությունները

Մարդիկ տան մաքրության ծառայության ամրագրումը մի քանի ձեւով են կազմակերպում: Կան հարթակներ ու ընդհանուր ագրեգատորներ։ Հարթակների դեպքում, ինչպիսին, օրինակ, Yelp-ն է, բոլորը հնարավորություն ունեն ընկերությունների մասին կարծիք թողնել, ինչը կարող է հիմնված չլինել սեփական փորձի վրա ու մոլորեցնել։

Ագրեգատորների դեպքում հնարավոր չէ ընտրել ծառայությունը մատուցողին, պատահականության սկզբունքով կարող է ինչ-որ մեկը գալ, ինչը վստահության առումով մտավախություններ է առաջացնում։ Վերջնական գնառաջարկ չկա, միայն ժամավճարներ են ներկայացվում։ Բացի այդ, դրանք հիմնականում բոլորը մեկում հարթակներ են ու առաջարկում են բազմազան ծառայություներ: Մենք կենտրոնացած ենք միայն մաքրության ուղղությամբ, որի շուկան, ըստ մեր ուսումնասիրությունների, մեծ է ու ընդլայնվելու շատ հնարավորություններ կան։  

Նարեկ Հովեսյանը Նարեկ Հովեսյանը
photo © Մեդիամաքս


Մեզ մոտ մարդը կարող է միանգամից ստանալ գնառաջարկ տարբեր մաքրող ընկերություններից, համեմատել, տեսնել իրական կարծիքներ, քանի որ Allclean-ի դեպքում հնարավոր է կարծիք թողնել եւ գնահատել աշխատանքը ծառայությունից օգտվելուց հետո միայն:  

Ունենք մաքրության ապահովագրություն, թերի աշխատանքի դեպքում անվճար մաքրության ծառայություն ենք առաջարկում՝ փորձելով հաճախորդների վստահությունը շահել։ Մենք առանձին գնահատականներ ենք հավաքում կատարված աշխատանքի որակի, արագության, սպասարկման, գնի ու այլ պարամետրերի վերաբերյալ։ Սա նաեւ օգնում է մաքրող ընկերություններին հասկանալ՝ ինչ ուղղությամբ բարելավել ծառայությունները։

Նարեկ Հովեսյանը Նարեկ Հովեսյանը
photo © Մեդիամաքս


Ունենք iOS հավելված եւ վեբկայք, որտեղ մեր հաճախորդները կարող են մուտք գործել, ընտրել կոնկրետ ծառայություն, լրացնել մաքրման ենթակա տարածքի տվյալները եւ ստանալ լավագույն առաջարկները։ Հայաստանում գործում են նաեւ ամսական կամ տարեկան բաժանորդագրությունների փաթեթներ։
 
Ներդրումներն ու առաջիկա ծրագրեր

Մենք հաղթել ենք ԲՏԱ նախարարության «Գաղափարից բիզնես» նախագծում եւ ստացել $20 հազար դրամաշնորհ։ Հրեշտակ ներդրողների կողմից փոքր ներդրումներ ունենք, նաեւ հիմնադիր թիմով ենք անձնական միջոցներից ֆինանսավորում։ Պլանավորում ենք գնալ ներդրումների:

Առաջիկա ծրագրերում է շուկայի ընդլայնումը։ Միացյալ Նահանգներում մշակում ենք բաժանորդագրությունների համակարգ։ Պրոդուկտի վրա նույնպես շարունակական բարելավումներ ենք անում։  

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան