17:14 | 27.11.23 | Հոդվածներ | exclusive 6584

Հովհաննես Կուլողլյանը՝ ՏՏ ճգնաժամի ու Groksmith-ի հաղթահարման բանաձեւի մասին

Վերջին տարիներին համաշխարհային տնտեսական ճգնաժամի, կորոնավիրուսի համավարակի, վենչուրային ներդրումների շուկայի փոփոխության ֆոնին ՏՏ աշխարհում տեղի են ունենում շատ տրանսֆորմացիաներ:

Groksmith ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Կուլողլյանի հետ Itel.am-ը զրուցել է տեխնոլոգիական ոլորտի ճգնաժամի առաջացման, մարտահրավերների, հայկական ընկերությունների վրա դրանց ազդեցության եւ լուծումների մասին: Նա անդրադարձել է նաեւ ճգնաժամի հաղթահարման անհատական փորձին ու Groksmith-ի տպավորիչ գործարքներին միջազգային խոշոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ripple-ը, UEFA-ն, Դուբայի կառավարության Էլեկտրաէներգիայի եւ Ջրի վարչությունը (DEWA)։

Վենչուրային ներդրումների շուկան ու փոփոխվող թրենդները

Բիզնեսի, ՏՏ շուկայի համաշխարհային ճգնաժամի գործոնները բազմակի են ու իրար հետ փոխկապակցված։ Առաջին ամենակարեւոր ազդեցությունը վենչուրային ներդրումների շուկան է ու դրա փոփոխվող թրենդները։

Եթե ուղղակի նայենք թվերին, թե վերջին մի քանի տարվա ընթացքում որքան վենչուրային ներդրումներ են կատարվել Միացյալ Նահանգներում կամ աշխարհում, կտեսնենք շատ հետաքրքիր պատկեր։ Օրինակ՝ 2020 թ․-ի վերջին եռամսյակում ներդրումների չափը կազմել է $46.2 միլիարդ։ 2021թ․-ին թիվը կրկնապատկվել է՝ չորրորդ եռամսյակում հասնելով $92,8 միլիարդի։ Մինչդեռ 2022-ի վերջին եռամսյակում այն կտրուկ նվազել է՝ դառնալով $32,4 միլիարդ։ Սա ցուցանիշ է, որով կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում ստարտափների աշխարհում։

photo © Մեդիամաքս


Ստացվում է՝ 2021-ին շատ ուժեղ պիկ է եղել, սա Քովիդից հետո մեծ ալիք էր եւ այդ ժամանակ քննարկումները շատ էին՝ դա փուչիկ է եւ շուտով կպայթի։ 2022-ի անցման ընթացքում վենչուրային ներդրումներն աստիճանաբար սկսեցին նվազել, արդեն 4-րդ քառորդում կարող ենք տեսնել եռակի նվազում։

Ստարտափների բյուջեն բաշխվում է հիմնականում հետեւյալ ուղղություններով՝ աշխատավարձեր, մարքեթինգ ու ամպային ծառայությունների ծախսեր։ Ներդրումների մեծ մասն ուղղվում է ինժեներների աշխատավարձերին։ Ներդրումների աճով պայմանավորված՝ սկսեցին բարձրանալ նաեւ ինժեներների աշխատավարձերը, քանի որ ընկերությունները միմյանցից «որսում» են որակյալ ու տաղանդավոր ինժեներներին։

Օրինակ, եթե Հայաստանում մինչ այդ մեկ միլիոն դրամ աշխատավարձն ինժեների համար համարվում էր շատ բարձր, ու մարդիկ ձգտում էին դրան, 2021-ին այդ թիվը ծիծաղելի էր համարվում։ 2022-ին վենչուրային ներդրումները կտրուկ ընկան եւ ստարտափները, համապատասխանաբար, այլեւս չեն կարողանում կամ էլ շատ են դժվարանում նոր ներդրումներ ստանալ ու նոր ներդրումային շրջափուլեր փակել։ Այդ տատանումը քանդել է ամենը, դա տեղի է ունեցել նաեւ Հայաստանում:

photo © Մեդիամաքս


Մեր բիզնեսի վրա նույնպես ազդել է, պատկերացրեք՝ վենչուրային ներդրումների պակասի պատճառով նաեւ ստարտափները սկսեցին փակվել եւ հրաժարվել ծառայություններ մատուցող ընկերություններից։

Քովիդն ու Ինժեներական տաղանդի գլոբալիզացիան

Հաջորդ շատ կարեւոր գործոնը, որն ազդեց մեզ վրա որպես ծառայություններ մատուցող ընկերություն, Քովիդն էր։ Մարդիկ տնից աշխատելու փորձառություն ձեռք բերեցին ու հասկացան, որ դա աշխատող մոդել է, իհարկե, ունի իր յուրահատկությունները։ Օրինակ՝ պրոդուկտ մշակող ստարտափներում, որտեղ ինտենսիվ աշխատանք է կատարվում, անընդհատ իտերացիաներ, փորձեր եւ այլն, շատ բարդ է նման ինտենսիվությունը պահպանել տնից աշխատելու պարագայում, որովհետեւ անընդհատ հաղորդակցության անհրաժեշտություն կա։

Այդ ընթացքում հեռակա աշխատանքի համար ենթակառուցվածքներ մշակող ընկերությունները կտրուկ աճ ապրեցին ու փաստացի ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ HR ծառայություններից մինչեւ առցանց զանգերի ծրագրային ապահովումներ։

photo © Մեդիամաքս


Սա Հայաստանում բերեց նրան, որ ինժեներական տաղանդը, որն ամենապատրաստվածն ու ամենաունակն էր աշխատելու միջազգային ընկերությունների հետ, սկսեց ստեղծված ենթակառուցվածքներն օգտագործել միջազգային մեծ ընկերությունների հետ ուղիղ աշխատելու նպատակով։

Սա նույնպես բարդացրեց ավագ մասնագետներ ներգրավելու գործը մեր լոկալ ընկերություններում։ Որակյալ մասնագետի համար արդեն մրցակցում են ոչ միայն տեղական ընկերությունները, այլեւ՝ ամբողջ աշխարհը։ Անսահման հնարավորություններ բացվեցին։

Կարելի է ասել, որ ընդհանուր ինժեներական տաղանդի շուկան գլոբալիզացվում եւ դառնում է մեկ համաշխարհային մեծ շուկա ու համապատասխան կարողություններ ունենալու պարագայում հնարավոր է աշխատել աշխարհի ցանկացած ընկերությունում։ Սա հետաքրքիր տենդենց է եւ այս փորձն առաջինը ՏՏ ընկերություններում է կիրառվում։

photo © Մեդիամաքս


Ծառայություններ մատուցող ընկերությունների համար, սակայն, դա շատ է բարդացնում իրավիճակը։ Մեր գրեթե բոլոր հաճախորդները ՏՏ ընկերություններ, ստարտափներ են, որոնք սկսել են ուղիղ աշխատել ինժեներների հետ ու համապատասխան առաջադրանքներով լուծել իրենց խնդիրները՝ առանց մեզ պես «միջնորդ» ընկերությունների հետ համագործակցելու, ինչպես նախկինում էր։

Սակայն սա չի նշանակում, որ աճելու եւ զարգանալու հնարավորությունները սահմանափակվում են․ փոխվում է միայն բիզնես մոդելը, որն էլ ադապտացվում է ներկա իրականության հետ։ Բանաձեւը ժամանակին համահունչ առաջ շարժվելն է, յուրաքանչյուր նոր նախաձեռնությունից առաջ շուկայում առկա պահանջարկի եւ առաջարկի մանրամասն ուսումնասիրությունը եւ վերջիններիս համապատասխան պրոդուկտների ստեղծումը։


Տեղական մարտահրավերներն ու բախտը

Այս ամենին զուգահեռ, լոկալ մարտահրավերներից մեկը դրամի արժեւորումն էր։ Մեր եկամուտը հիմնականում դոլարով է ու եթե դրա փոխարժեքը տատանվում, ընկնում է 20-30 տոկոսով, ապա մեր եկամուտն ուղիղ այդչափ կրճատվում է։ Ինժեներների աշխատավարձերի կրկնապատկմանը զուգահեռ, եկամուտն էլ նվազել է։ Նաեւ մեր պոտենցիալ հաճախորդներն են քչանում, որոնք պետք է մեր ծառայություններից օգտվեին, հներն էլ ճգնաժամի մեջ են կամ փակվում են։ Այսինքն՝ բոլոր կողմերից սեղմվում ենք։

Պատերազմի հետեւանքով Հայաստանը դարձել է ռիսկային գոտի, միջազգային մեծ ընկերություններն աշխատելիս մտավախություններ են ձեռք բերել։ Չնայած հիմա ամբողջ աշխարհում շատ են պատերազմները, բայց դա էլ ունի ազդեցության իր չափաբաժինը։

Հաղթահարում եւ դիմանում են լավագույնները կամ այն ընկերությունները, որոնք համագործակցում են պետական կառույցների, բանկերի, ավելի կայուն ոլորտի ընկերությունների հետ եւ երկարաժամկետ նախագծեր են իրականացնում, կամ էլ՝ ուղղակի բախտավորները, որոնց հաճախորդների վրա ճգնաժամը չի ազդել։

Groksmith-ի հաղթահարման բանաձեւը

Չնայած ունեցել ենք մեծ ընկերությունների, նաեւ պետական կառույցների հետ պայմանագրեր, բայց աշխատանքի հիմնական ծավալն, այնուամենայնիվ, կապված է ստարտափների հետ։ Ի սկզբանե կենտրոնացել ենք դրա վրա՝ ելնելով մեր նախասիրություններից։ Ճգնաժամը մեզ վրա նույնպես ազդել է, բայց հարմարվել ենք, փոքրացել։ Ունեինք 2 ճյուղ․ մեկը վենչուրային ստուդիայի կոնցեպտով սեփական պրոդուկտներ մշակելն էր, մյուսը՝ ծառայությունների մատուցումը։ Առաջինից ստիպված ենք եղել հրաժարվել։ Շատ լավատեսորեն եմ տրամադրված, պետք է իրականությունը շուտ ընդունել ու պատրաստ լինել ճկուն աշխատելուն։

Մասշտաբային նախագծեր Ripple-ի եւ DEWA-ի հետ

Մեր մեծ հաճախորդները հիմնականում նեթվորքի, կապերի եւ հեղինակության շնորհիվ ենք ձեռք բերել։ Մեր աշխատանքից գոհ լինելով՝ շատ հաճախ հենց հաճախորդներն են մեկը մյուսին խորհուրդ տվել։ Ակտիվ կապեր ենք ստեղծել վստահության հիմքով, ճամփորդել ու հանդիպել նրանց։ Որքան էլ ամեն ինչ գնում է օնլայնի, միեւնույն է իրական շփումը շատ մեծ դեր ունի։ Արդեն 8 տարի է, ինչ գործում ենք։

photo © Մեդիամաքս


Ripple-ի հետ սկզբից աշխատել եմ որպես պայմանագրային աշխատակից, հետո արդեն ընկերությամբ ենք համագործակցել։ Կարելի է համարել, որ սա բլոկչեյն տեխնոլոգիաների հետ մեր ընկերության առաջին շփումն է: Սկսել ենք աշխատել 2015-ից ու երբ ծանոթացա Ripple-ի տեխնոլոգիական լուծումներին, շատ դուր եկավ, հետաքրքրեց։

Երբ ստեղծվում էին առաջին բլոկչեյն համակարգերը, դրանք ալտերնատիվ ֆինանսական համակարգ ստեղծելու մասին էին։ Ripple-ը վերցրել է այս գաղափարախոսության մի կտորը՝ ինֆորմացիան պահելու միտքը, ու կիրառել դասական ֆինանսական աշխարհի մոդելի վրա։ Սա թույլ է տալիս այդ դասական ֆինանսական աշխարհի փոխհարաբերությունները տեղադրել բլոկչեյնի վրա։

Դասական ֆինանսական աշխարհում գործում է պահուստային արժույթ, որն աշխարհում ընդհանուր ճանաչված արժույթ է՝ ԱՄՆ դոլարը։ Ripple-ն էլ ունի նման համակարգ՝ XRP փոխարժույթը, որը կատարում է նույն գործառույթը։

Երկար ժամանակ աշխատել ենք Ripple-ի հետ գոյություն ունեցող դասական բանկային ենթակառուցվածքներն ու Ripple-ի ցանցերն իրար կապելու ուղղությամբ, դա Bank API-ին է, ինչը թույլ է տալիս բանկերին միջազգային փոխանցումները, տրանզակցիաները նոր համակարգի միջոցով կատարել: Ըստ էության, ստեղծել ենք Swift-ի մրցակից։ Սա բանկերին թույլ կտա ավելի էժան ու արագ կատարել տրանզակցիաները։

Հովհաննես Կուլողլյանը Հովհաննես Կուլողլյանը
photo © Մեդիամաքս


Դուբայի կառավարության Էլեկտրաէներգիայի եւ Ջրի վարչության (Dubai Electricity and Water Authority - DEWA) հետ, որը կառավարում է քաղաքի ամբողջ էլեկտրական եւ ջրային ենթակառուցվածքները, վիրտուալ էլեկտրակայան (Virtual Power Plant) ենք մշակել։ Դուբայում ցերեկը շոգ է ու մարդիկ օդորակիչներ են միացնում, ինչը ցերեկային ժամերին էլեկտրաէներգիայի ծախսը մեծացնում է։ Պատկերացրեք՝ Դուբայում կան հազարավոր արեւային կայաններ, որոնք պատկանում են առանձին մարդկանց եւ մասնավոր ընկերությունների։ Այդ բոլոր արեւային կայանները որոշ ժամանակ ակտիվ աշխատում են, որոշ ժամանակ պասիվ են։ Խնդիր կար ստեղծել արեւային վահանակները եւ մարտկոցները միասնական կառավարող վիրտուալ էլեկտրակայան, որը կարող է ծառայել ընդհանուր էլ․ ցանցում էլեկտրաէներգիայի նպատակային վերաբաշխմանը:

Միասին աշխատել ենք վիրտուալ էլեկտրակայանի ծրագրային ապահովման եւ բլոկչեյնի հետ ինտեգրված համակարգի մշակման վրա։ Սա շատ հետաքրքիր նախագիծ էր, որը տեւել է մոտ 3 տարի։ Փորձառությունը տարբերվող էր, այն կապված էր եւ՛ էներգետիկայի ոլորտի, եւ՛ բլոկչեյնի հետ։

Մեր բոլոր նախագծերը բավականին տարբեր բնույթի են եղել, իրենց յուրահատկություններով։ Ժամանակի ընթացքում կենտրոնացել ենք ֆինթեք, անշարժ գույքի, էներգետիկ ոլորտների ուղղություններով։ Մեզ դուր է գալիս բարդ ինժեներական խնդիրներ լուծելը։

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան