13:56 | 20.11.23 | Հոդվածներ | exclusive 2952

Վահրամ Գրիգորյանի՝ ռազմական եւ քաղաքացիական նշանակության նկարահանման սարքերը

Երեւանի պետական համալսարանի Ֆոտոնիկայի եւ արհեստական բանականության լաբորատորիան սկսել է իրականացնել հետազոտական նախագիծ, որի նպատակն է օպտիկական նկարահանման սահմանները բարդ եւ դինամիկ միջավայրերում ընդլայնելը: Ծրագիր իրականացումը ղեկավարում է Վահրամ Գրիգորյանը, ով համալսարանին եւ լաբորատորիայի աշխատանքներին միացել է 2022 թվականի մայիսից:

«Հիմնականում իրականացնում եմ գիտահետազոտական աշխատանքներ. չեմ դասավանդում: Լաբորատորիայում աշխատում ենք կոնկրետ 2 ծրագրերի վրա, որ իրականացնում ենք շահած դրամաշնորհների միջոցով: Առաջինը Արտերկրի գիտնականների ինտեգրման մրցույթն էր, մյուսը՝ Երկակի նշանակության ծրագրերի աջակցության դրամաշնորհը»,- ասում է Վահրամ Գրիգորյանը:

Առաջին ծրագիրն ուղղված է լայնաշերտ տարածական լուսային մոդուլատորի  (Spatial Light Modulator) մշակմանը` ալիքի երկարության լայն միջակայքում:

«Հիմնականում սարքավորումները օգտագործվում են լույսի վրա ինչ-որ ինֆորմացիա գրելու համար: Սրանք արդիական տեխնոլոգիաներ են եւ օգտագործվում են տարբեր լաբորատորիաներում, բայց դրանք հիմնականում նախատեսված են լույսի կոնկրետ ալիքի երկարության համար: Մեր նպատակն է, երկու հիմնական ֆիզիկական երեւույթ օգտագործելով, այդ հնարավորությունները ընդլայնելը ու հնարավորություն տալը, որ մեկ սարքի միջոցով կարողանանք ավելի լայն միջակայքում ալիքի երկարությունը օգտագործել,կարողանանք մոդուլյացնել եւ՛ միկրոալիքները, եւ՛ տեսանելի լույսը»,- պարզաբանում է Վահրամ Գրիգորյանը:

Երկրորդ ծրագիրը  ուղղված է օպտիկայի բնագավառում տարբեր փորձարարական աշխատանքներին: Հաճախ բարդ մթնոլորտային տուրբուլենտությունը կամ մառախուղը կարող են այնպես աղավաղել օբյեկտից եկող տեղեկատվությունը, որ անգամ նորագույն մեքենայական ուսուցման ալգորիթմերը չեն կարող վերականգնել այն: Ծրագիրը վերաբերում է այսպիսի միջավայրերում ժամանակային փականով տեսախցիկներով նկարահանումներին։

«Սովորաբար, երբ տեսախցիկները աշխատում են, իրենք անընդհատ ֆիքսում են միջավայրից իրենց ստացած ինֆորմացիան, այսինքն՝ տեսախցիկը անընդհատ ֆիքսում է ինչ-որ օբյեկտից անդրադարձող լույսը: Բայց կան հատուկ տեսախցիկներ, որոնց փականները կարողանում են բացվել շատ կարճ՝ 20 նանովայրկյան, տեւողությամբ»,- ասում է ծրագրի ղեկավարը:

photo © Անժելա Աղամյան



Փականը շատ արագ բացվում եւ փակվում է՝ ընդունելով լույսի այն հատվածը, որը անհրաժեշտ է:

«Օրինակ՝ այն դեպքերի համար, երբ ունենք ինչ-որ օբյեկտ, որ գտնվում է մառախուղի մեջ, կամ ինչ-որ արգելք կա իր դիմաց, մենք ունենք համապատասխան լազեր, որը արձակում է լույսը, որ պետք է անդրադառնա ու հետ գա: Լույսի այն հատվածը, որ կանդրադառնա տուրբուլենտ միջավայրից, ավելի շուտ կգա, իսկ այն հատվածը, որը դրանից հետո է գալու՝ ավելի ուշ: Հետեւաբար, մենք բացում ենք փականը արդեն հաշվարկված այն ժամանակում, երբ լույսը անդրադառնալու է մեր օբյեկտից, իսկ արդեն մնացած լույսը, որ ցրող միջավայրից է՝ մառախուղի կաթիլներից կամ այլ տեղերից, չենք ֆիքսում: Այսինքն, ֆիքսում ենք լույսի այն հատվածը, որը եկել է կոնկրետ մեզ հետաքրքրող օբյեկտից»,- ներկայացնում է Վահրամ Գրիգորյանը:

Ծրագիրն իրականացնելու նպատակով փորձում են լաբորատորիայում ստանալ տուրբուլենտ միջավայրին նման միջավայր: Պետք է նմանատիպ միջավայրում փորձարկեն սարքը, որ հասկանան դրա հնարավորություններն ու տարբեր չափանիշները:

«Այդ ամենը ունենալուց հետո պետք է փորձենք արդեն դաշտային պայմաններում փորձարկել»,- ասում է Վահրամ Գրիգորյանը:

Թիմը բաղկացած է հինգ հոգուց: Երկուսը ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում սովորող ուսանողներ են, երկուսն էլ լաբորատորիայի հետ համագործակցող ռազմաարդյունաբերության համալիրի աշխատակիցներ են:

Վահրամ Գրիգորյանը Վահրամ Գրիգորյանը
photo © Անժելա Աղամյան



«Առաջին փուլը, որ պետք է իրականացվի համալսարանի լաբորատորիայում, կկատարեն մեր ուսանողները: Երկրորդ փուլում նոր կներգրավվեն մյուս մասնագետները»,- ասում է Վահրամ Գրիգորյանը:

Ծրագրի էությունը երկակի է. պետք է օգտագործվի եւ՛ ռազմական արդյունաբերության համար, եւ՛ քաղաքացիական ոլորտում: Այժմ շեշտը ավելի շատ դրված է ռազմական բնագավառում օգտագործելու վրա, բայց Վահրամ Գրիգորյանը կարծում է, որ նկարահանման համակարգերը քաղաքացիական նպատակով նույնպես մեծ կիրառություն կունենան:

«Նախագիծը պլանավորված է իրականացնել երկու տարում: Հնարավոր է՝ լաբորատորիայում արդեն մեկ տարվա մեջ ինչ-որ արդյունքների հասնենք: Իսկ երկու տարի անց արդեն նախատեսում ենք դաշտային պայմաններում փորձարկված սարք ունենալ»,- եզրափակում է Վահրամ Գրիգորյանը:

Երջանիկ Հարությունյան