16:09 | 11.12.23 | Նորություններ | 21460

Ucom-ը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին խելացի ժամացույցներ է նվիրել

Ucom եւ Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ եւ uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն։

Ucom-ի թիմն այցելել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ-COAF) Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն եւ հանձնել նվերները:

ՔՈԱՖ-ի շահառու 55 երեխա այսօր ստացել է uKid խելացի ժամացույցներ, որը նրանց համար պատրաստել էին Ucom-ի աշխատակազմն ու Smartcom ընկերությունը: Նպատակը երեխաների ապահով ու անվտանգ տեխնոլոգիական ինտեգրումն է:

«Մենք խրախուսում եւ օժանդակում ենք մանուկների հասանելիությունը տեխնոլոգիական նորարարություններին: Խելացի ժամացույցները լուծում են ոչ միայն երեխաների զարգացման ու հասանելիության հարցը, այլեւ ապահովում են ծնողի ու երեխայի միջեւ կապը, որով լուծվում է նաեւ երեխայի անվտանգության հարցը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խելացի ժամացույցը uKid հավելվածի միջոցով հնարավորություն է տալիս ծնողին սմարթֆոնով հետեւել երեխայի տեղաշարժին: Ucom ընկերությունը տրամադրել է SIM քարտեր` uKid սակագնային պլանով, որից երեխաները կկարողանան անվճար օգտվել մեկ տարի:

«Այսօր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի փոքրիկ շրջանավարտները, որոնք 3-5 տարեկան հասակում օգտվել են մանկան զարգացման մեր ծառայություններից, Ucom եւ Smartcom ընկերությունների կողմից որպես նվեր ստացան խելացի ժամացույցներ։ Այս յուրահատուկ սարքերը երեխաներին հնարավորություն կտան մեկ քայլ ավելի մոտ լինել բարձր տեխնոլոգիաներին եւ միաժամանակ ապահովել ծնողների կողմից վերահսկման մեխանիզմը»,- նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը: