11:37 | 27.11.23 | Նորություններ | 10921
Երեւանի պետական համալսարանում Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հանդես է եկել «Բիզնեսի թվայնացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով բաց դասախոսությամբ։
Դասախոսության ընթացքում ընկերության գլխավոր տնօրենը մի քանի օրինակով ներկայացրել է, որ կախված ծառայությունից եւ ապրանքատեսակից՝ թվային փոխակերպումը կարող է իրականացվել արժեքի շղթայի այս կամ այն փուլում։
Դասախոսության ընթացքում Արմեն Ավետիսյանը խոսել է բիզնեսի թվայնացման՝ որպես զարգացման ժամանակակից ռազմավարական ուղղության մասին: Նա նաեւ անդրադարձել է թվային աշխարհում ընկերության նշանակալի ձեռքբերումներին։
«Վիվա-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության օպերատորից անցում է կատարել թվային ծառայություններ մատուցող ընկերության։ Թվային փոխակերպումը տեխնոլոգիական հիմքի ստեղծումն է՝ ավելի զարգացած բիզնես լուծումների ներդրման հնարավորության համար։ Վերջին տարիներին մեր ընկերությունը մեծ փորձառություն է ձեռք բերել թվայնացման ոլորտում, եւ մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը։ Այս տարի Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է 5G ցանցը, ինչն ավելի բարձր հարթության վրա կդնի մեր IoT եւ թվային լուծումները եւ դրական կերպով կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա», - նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։