11:34 | 02.11.23 | Նորություններ | 1650
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի տեղաբաշխումն առաջնային հրապարակային առաջարկի միջոցով հաջողությամբ ավարտվել է․ շուրջ 1000 ներդրող դարձել է Team-ի բաժնետեր։
Ընկերությունն ամբողջությամբ տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս: Դրանք Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո կլինեն ազատ շրջանառության մեջ․ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հնարավորություն կունենան գնել կամ վաճառել դրանք։
«Մեր թիմը հաջողությամբ իրականացրեց մտածողություն փոխող եւս մեկ նախագիծ։ Հայաստանում տելեկոմ ոլորտի զարգացումը մեր առաջնահերթությունն է, ուրախ եմ, որ դրան ուղղված բոլոր ռազմավարական ծրագրերի իրագործմանն այսուհետ կմասնակցեն նաեւ մեր նոր բաժնետերերը»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը։
«Արժեթղթերի շուկայում լինելով ակտիվ դերակատար` մենք մշտապես նպաստել ենք ոլորտի զարգացմանը եւ չէինք կարող անմասն մնալ նման պատմական իրադարձությունից: Team-ի եւ Ամերիաբանկի արդյունավետ համագործակցության արդյունքում իրականացվել է բաժնետոմսերի բարեհաջող տեղաբաշխում ու ձեւավորվել է ներդրողների դիվերսիֆիկացված կազմ, ինչը կարեւոր նախադրյալ է երկրորդային ակտիվ շուկա ունենալու համար»,- ընդգծել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Ընկերության բաժնետերեր են դարձել հարյուրավոր ֆիզիկական ու իրավաբանական անձինք, էական ծավալի ներդրումներ են իրականացրել ինստիտուցիոնալ ներդրողները։ Վերջիններից է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը, որն իր առաջին ուղղակի ներդրումն է կատարել հայաստանյան բաժնետոմսերում։ Այս գործարքի շնորհիվ ֆոնդի մոտ 400 հազար շահառու անուղղակի կերպով դարձել է Team Telecom Armenia-ի բաժնետեր։
Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի կառուցմանը եւ միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաեւ մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը եւ այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։