17:51 | 01.11.23 | Նորություններ | 7894

Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է բնապահպանական նախագծերը

Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը շարունակում են բնապահպանական գործընկերությունը:

Անտառստեղծման միջոցով անապատացման դեմ պայքարն օրակարգային է մնում Վիվա-ՄՏՍ-ի եւ «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության համար: Անտառապատման աշնանային ու գարնանային փուլերին ընդառաջ համագործակցող կողմերն սկսել են տնկիների սերմերի մշակման աշխատանքներ իրականացնել: Անհրաժեշտ է նախապատրաստվել հերթական ծառատունկին՝ լիարժեք տիրապետելով զրոյից անտառ ստանալու հմտություններին ու գիտելիքներին:  

Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստանը» երկրորդ համատեղ ծրագիրն են իրականացնելու Լոռու մարզում: Իրականացվել է անտառապատման թիրախային ծրագիր Լոռու մարզի Ջրաշեն համայնքում: 6 հա տարածքում տնկվել ու մուլչապատվել է 20 000 ծառ: Այս տարի անտառային շերտը կավելացվի մեկ այլ հատվածում՝ Ուրասարում․ 9690 տնկի իր տեղը կզբաղեցնի 3 հա տարածքում:

«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն սկսել է այս տարվա աշնանային անտառտնկման աշխատանքները։ Փակ արմատային համակարգով կեչիներ են տնկվում Լեռնաջուրում, սկսվել են աշխատանքները նաեւ Ուրասարում, որտեղ էլ բաց արմատային համակարգով տնկվում են Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորած 9690 թփեր եւ ծառեր՝ կաղնի, թխկի, սոճի, կեչի, վայրի տանձենի ու խնձորենի։

Հայաստանի անտառներից օրեր առաջ հավաքված կաղնու, վայրի տանձենու եւ խնձորենու սերմերը Վիվա-ՄՏՍ-ի կամավորների եւ գործընկեր կազմակերպության աշխատակիցների կողմից մշակվելուց հետո ցանվելու են նոր տնկիներ ստանալու նպատակով: Կազմակերպության տնկարաններում հաջողվում է աճեցնել 15 տեսակի անտառային ծառ, այդ թվում՝ պտղատու:

Համատեղ ծրագրով գործընկերները լուծում են ոչ միայն բնապահպանական, այլեւ մասամբ՝ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնական աշխատողների գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչ է։ Նրանք աշխատում են Դեբեդում եւ Գուգարքում գտնվող տնկարաններում: Ծառատունկի եւ խնամքի աշխատանքների ժամանակահատվածում աշխատողների թիվը հասնում է 240-ի: Նոր տնկադաշտում անհրաժեշտ խնամքը շարունակվում է նաեւ ծառատունկից հետո շուրջ երեք տարի: Այդ ընթացքը բավարար է համոզվելու, որ տարածքը տարիներ հետո անտառ է դառնալու։