10:52 | 23.10.23 | Նորություններ | 1541

Հայտնի են Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հաղթողները

Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները։

Օլիմպիադայում մրցել են 270 մասնակից 14 երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Բելառուս, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բրազիլիա, Իրան, Հայաստան, Հորդանան, Չիլի, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ եւ Ուկրաինա:

Օլիմպիադան Երեւանում հյուրընկալել է աշխարհի 12 երկրից ժամանած հաղթողներին՝

•    Առաջին մրցանակակիր է դարձել Նիկոլա Բաբիկը` Բոսնիա եւ Հերցեգովինայից,
•    Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպ Ստեվանովիչը` Սերբիայից,
•    Երրորդ մրցանակին արժանացել են Ազրա Ելեզովիչը` Բոսնիա եւ Հերցեգովինայից, Էդգար Պապյանը` Հայաստանից։

Օլիմպիադան ընդգրկում է հետեւյալ թեմաները՝

•    թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում,
•    անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում,
•    կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիա,
•    ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովում:

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին եւ անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Այն կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային եւ էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ: Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է Սինոփսիս Արմենիան։