13:20 | 20.10.23 | Նորություններ | 2969

DataArt-ը Դիջիթեքում ներկայացրել է արցախցիներին ուղղված կրթական ծրագիր

Հոկտեմբերի 13-15-ը կայացել է ԴիջիԹեք 2023 տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը համախմբել էր 120 մասնակից ընկերություն եւ 40-ից ավելի բանախոս:

DataArt ընկերությունն արդեն չորրորդ անգամ մասնակցել է ՏՏ ոլորտի ամենամասշտաբային միջոցառմանը՝ ներկայացնելով ընկերության գործունեությունը, մշակույթը, աշխատանքային եւ համագործակցային հնարավորությունները։ Ընկերության մասնակցության առաքելությունն այս անգամ այլ էր․ DataArt-ն իրականացնում է աջակցության մի շարք ծրագրեր՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Դրանց թվում կարեւոր դեր ունեն կրթական նախաձեռնությունները։

photo © Mediamax / Ագապե Գրիգորյան



DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանն iTel.am-ի հետ զրույցում նշել է, որ վերջին շրջանում գլոբալ ֆինանսական ճգնաժամը եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները նոր մարտահրավերներ են ստեղծում ոչ միայն ՏՏ ոլորտի ընկերությունների համար:

«Գաղտնիք չէ, որ այս ժամանակահատվածում ամբողջ աշխարհում է ֆինանսական ճգնաժամը մարտահրավերներ առաջ բերում, որոնք պետք է փորձենք հաղթահարել։ Այսպես կոչված, «էժան փողեր» էլ չկան․ ներդրողների մեծամասնությունը մտահոգված է աշխարհում տիրող իրավիճակով։ Այժմ շատ է դժվարացել ներդրումներ ներգրավելու գործընթացը ցանկացած կազմակերպության համար։ Դրան զուգահեռ ճգնաժամն ունի իր դրական կողմերը. դրա ընթացքում հնարավոր է համապատասխան ձեւով վերակազմավորել ընդհանուր բիզնեսը»,- ասել է Արսեն Բաղդասարյանը։

Արսեն Բաղդասարյանը Արսեն Բաղդասարյանը
photo © Mediamax / Ագապե Գրիգորյան



Հանդիսանալով նաեւ ԱՏՁՄ խորհրդի անդամ՝ նա նկատել է ՏՏ համայնքի ակտիվությունն Արցախի մեր հայրենակիցների կարիքները հնարավորինս ճիշտ գնահատելու ու օգնելու հարցում։

«Կարեւոր է արժանապատիվ ձեւով հնարավորություն տալ մարդկանց մասնագիտական հմտություններ եւ վստահություն ձեռք բերել սեփական գիտելիքի հանդեպ։ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին այդ հնարավորությունը տալը մեզ համար կարեւորագույն նախաձեռնություն է։ Մենք հայ ենք, մտահոգ ենք ու ուզում ենք մեր լուման ներդնել։ Սա նաեւ մեր սոցիալական պատասխանատվությունն է»,- նշել է Արսեն Բաղդասարյանը։

photo © Mediamax / Ագապե Գրիգորյան



Արդեն իսկ մեկնարկել է Արցախի կանանց համար նախատեսված որակի վերահսկողության անվճար դասընթացը։ DataArt Հայաստանի փոխտնօրեն, ՄՌ ղեկավար Իշխան Մարգարյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները։

«Կրթական նոր ծրագիրը նախատեսված է որակի վերահսկողության մասնագետների՝ QA ինժեներների համար։ Դասընթացի տեւողությունը երկու ամիս է, տարիքային սահմանափակում չկա: Պետք է միայն անգլերենի նվազագույն գիտելիք ունենալ, այլ պահանջներ չկան։

Իշխան Մարգարյանը Իշխան Մարգարյանը
photo © Mediamax / Ագապե Գրիգորյան



Ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ արդեն իսկ ստացել ենք բազմաթիվ հայտեր։ Հնարավորության դեպքում կդիտարկենք նաեւ հետագայում մասնակիցներին հավաքագրելու եւ աշխատանք առաջարկելու տարբերակը։ Ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները նրանք կարող են կիրառել նաեւ այլ ընկերություններում աշխատանքի անցնելիս»,- նշել է Իշխան Մարգարյանը։

Նրա խոսքով՝ DataArt-ն արդեն իրականացրել է JavaScript-ի դասընթաց ու դրական արձագանքներ կան։ Նմանատիպ դասընթացները շարունակական են լինելու նաեւ այլ մասնագիտությունների համար։