16:57 | 18.10.23 | Նորություններ | 17247

Ucom-ը Silicon Mountains գագաթնաժողովի պլատինե հովանավորն էր

Հոկտեմբերի 17-ին «Յուքոմ» ընկերության պլատինե հովանավորությամբ «Խելացի երկրի» մարտահրավերներին նվիրված Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովն արդեն հինգերորդ անգամ է համախմբել ՏՀՏ ոլորտի տեղական եւ միջազգային բարձրակարգ փորձագետներին։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Silicon Mountains 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի կազմակերպիչ, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Պանելային քննարկումները ծավալվել են երեք հիմնական թեմայով՝ «Խելացի երկիր», «Խելացի բիզնես» եւ «Խելացի քաղաքացի»:

«Խելացի բիզնես» պանելային քննարկման խոսնակ, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր խոսքում ընդգծել է ոչ միայն խելացի տեխնոլոգիաների, այլեւ՝ բիզնեսի ճկուն կառավարման անհրաժեշտությունը:

«Հեռահաղորդակցությունը միշտ մոտ է եղել տեխնոլոգիական առաջընթացին, բայց անհրաժեշտ է համընդհանուր երկարաժամկետ, հեռանկարային ռազմավարություն, տեսլական, որը պետք է դառնա երկրի զարգացման բիզնես պլան, որպեսզի տարբեր ոլորտների բիզնեսների եւ պետության միջեւ գործակցություն լինի։ Բոլորս մեկ նավի վրա պետք է լինենք եւ ուղղությունը հասկանանք, որ ավելի ստեղծագործ լինենք հօգուտ երկրի տնտեսության եւ վերջնական սպառողի՝ կիրառելով այսօրվա տեխնոլոգիաները։ Աշխարհում հիմա ներդրվում են 5-րդ սերնդի ցանցային տեխնոլոգիաները, փորձարկման մեջ է 6-րդ սերնդինը, ոչ հեռու ապագայում, համոզված եմ, 7-րդ սերունդն էլ կլինի, որի փորձարկումները եւս ընթանում են լաբորատորիաներում։ Սրանք իրենց հետ զուգահեռ բերելու են շատ այլ փոփոխություններ եւ դրանից վախենալ պետք չէ, քանի որ տեխնոլոգիան միջոց է, բանալի, տրանսպորտ, որը կտանի ավելի զարգացած ապագայի», - նշել է նա։