15:40 | 18.10.23 | Նորություններ | 6391
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022 թ․ հաղթող, Adobe-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը հատուկ Հայաստան է ժամանել ՀՀ նախագահից իր մրցանակը ստանալու համար։
Շանթանու Նարայենը միացել է Adobe-ին 1998 թվականին՝ որպես փոխնախագահ եւ ինժեներական տեխնոլոգիաների խմբի գլխավոր կառավարիչ։ 2005 թվականին նա դարձել է Adobe ընկերության նախագահ եւ գործադիր գործառնական տնօրեն, 2007 թվականին՝ գլխավոր գործադիր տնօրեն, իսկ 2017 թվականին՝ խորհրդի նախագահ։
Նա ԱՄՆ-Հնդկաստան Ռազմավարական գործընկերության ֆորումի փոխնախագահն է, ինչպես նաեւ հանդիսանում է Pfizer-ի խորհրդի անդամ: Նախկինում աշխատել է որպես Dell-ի տնօրեն, իսկ ավելի վաղ եղել է ԱՄՆ նախագահի կառավարման խորհրդատվական խորհրդի անդամ։ Շանթանու Նարայենը մի շարք հրատարակությունների կողմից ճանաչվել է որպես աշխարհի առաջատար գործադիրներից մեկը, այդ թվում՝ Barron-ի աշխարհի լավագույն գլխավոր գործադիր տնօրենների եւ Fortune-ի տարվա գործարարների ցուցակներում, ինչպես նաեւ Glassdoor-ի կողմից ճանաչվել է լավագույն գլխավոր գործադիր տնօրեն՝ աշխատակիցների արձագանքների հիման վրա:
Նարայենն այսօր հյուրընկալվել էր Վիվա-ՄՏՍ ընկերության գրասենյակում եւ կիսվել իր մտքերով ու գաղափարներով։ Նրա խոսքով՝ Adobe-ը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի՝ նորարություններով հարուստ ժառանգության մեջ․
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022թ դափնեկիրը եւ միանալ նախկին նշանավոր մրցանակակիրների խմբին, որոնք ձեւավորել են բարձր տեխնոլոգիաների լանդշաֆտը: Այս մրցանակը ընդգծում է տեխնոլոգիաների առանցքային դերը դրական փոփոխությունների առաջ մղման գործում՝ մարդկանց հնարավորություն տալով ստեղծագործել, սովորել, աշխատել եւ ապրել լիարժեք կյանքով: Adobe-ն հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի՝ նորարություններով հարուստ ժառանգության մեջ: Ես իմ առաջիկա այցի ընթացքում ուրախությամբ կբացահայտեմ Հայաստանում հետագա տեխնոլոգիական աճի եւ նորարարության հեռանկարները»։
«Այս միջոցառումը, որը Հայաստանում իրականացվում է արդեն 13 տարի անընդմեջ եւ որին նույնքան ժամանակ աջակցում է Վիվա-ՄՏՍ-ը, բարձր արժեք է ներկայացնում Հայաստանի համար՝ համաշխարհային տեխնոլոգիաների բնագավառում իր հեղափոխական եւ նորարարական ավանդի շնորհիվ: Միջոցառման ընթացքում մեր երկիր են այցելում ոլորտի առաջատարները, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի տեղը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա։ Ներկայում աշխարհը գնում է թվային զարգացման ուղով։ Թվային փոխակերպումը առաջնահերթություն է ինչպես բիզնեսում, այնպես էլ ողջ աշխարհում։ Սա էլ իր հերթին ավելի է ընդլայնում հեռահաղորդակցության եւ տեխնոլոգիական այլ ընկերությունների գործունեության շրջանակը», - ասել է Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
«Մեծ պատասխանատվություն է ունենալ ՀՀ պետական մրցանակ եւ այն հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաների, ինչպիսիք են «Էփըլ Քոմփյութըր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը, «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը, այսօր՝ «Ադոբ» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենին։
Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ տեխնոլոգիաների զարգացման գործում մեծ փոփոխություններ եւ լուծումներ են ներդրել՝ դյուրացնելով, նոր հարթության վրա բերելով մարդկության կյանքն ու կենսակերպը»,-նշել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Սինոփսիս Արմենիայի տնօրեն, մրցանակաբաշխության կազմակերպչական հանձնաժողովի համակարգող Հովիկ Մուսայելյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալներն ու անհրաժեշտ ռեսուրսները համաշխարհային խաղացող դառնալու համար։
«Դժվար է հերքել, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նման նախաձեռնությունները օգնում են կապեր ստեղծել եւ բարձրացնել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների աճող կենտրոնի տեսանելիությունը։ Վստահ ենք, որ տարիներ անց այս հեղինակավոր մրցանակը ստացած հսկաները կվերադառնան Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձր տեխնոլոգիաների գերժամանակակից մշակույթը՝ այդպիսով բարձրացնելով մեր պետության վստահությունը եւ համաշխարհային ճանաչումը՝ որպես գիտելիքի եւ ինտելեկտի վրա հիմնված երկիր»:
Նշենք, որ Վիվա-ՄՏՍ-ը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկերն է: