14:47 | 13.10.23 | Հոդվածներ | exclusive 2879

DataArt-ն աջակցում է Արցախից բռնի տեղահանված մարդկանց

«Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի». հիմնվելով հենց այս սկզբունքի վրա՝ DataArt ընկերությունն աջակցության մի քանի ծրագիր է մշակել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար: Itel.am-ի հետ զրույցում DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանը պատմել է դրանց մասին՝ ընդգծելով, որ նախաձեռնությունները կլինեն շարունակական:

«Այս օրերին ցանկացած հայի պարտավորությունն է հնարավորինս աջակցել ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին», - ասում է Արսեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ աջակցության ծրագրեր սկսելու նախաձեռնողն ընկերության աշխատակիցներին էին: Երբ պարզ դարձավ, որ Արցախում հայ բնակչությունն այլեւս մնալ չի կարող, աշխատակիցները դիմեցին ընկերության ղեկավարությանը՝ հետաքրքրվելով՝ ի՞նչ կարող են անել:

Արսեն Բաղդասարյանը Արսեն Բաղդասարյանը
photo © Մեդիամաքս



«Ակնհայտ էր, որ մարդիկ ստիպված էին հեռանալ իրենց տներից՝ վերցնելով միայն ձեռքի տակ ընկած մի քանի իր: Շատերը բռնի տեղահանվել էին առանց որեւէ լրացուցիչ հագուստի: Որպես հրատապ աջակցություն՝ որոշեցինք ընկերությունում հավաքել հագուստ, հիգիենայի պարագաներ, այլ իրեր ու փոխանցել դրանք ընտանիքներին: Որոշման հաջորդ օրը գրասենյակում այնքան իր հավաքվեց, որ այդ ամենը տեսակավորելու համար ստեղծեցինք հատուկ շտաբ», - պատմում է Արսեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ աջակցության առաջին մասը տրամադրվեց Մարալիկ քաղաքում հաստատված բռնի տեղահանված ընտանիքներին:

«Հասկանալով, որ հավաքված հագուստի ու այլ պարագաների ծավալը բավականին մեծ է, որոշեցինք համագործակցել որեւէ նախաձեռնության հետ, որն ավելի հստակ է պատկերացնում կարիքներն ու աջակցությունը կարող է առավել թիրախային դարձնել: Արդյունքում հավաքված իրերի մնացած մասը փոխանցեցինք «Բաբոն տեր ա» նախաձեռնությանը, որն էլ իր հերթին դրանք կհասցնի կարիք ունեցող ընտանիքներին», - ասում է DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

photo © DataArt



Ընկերության մյուս նախաձեռնությունը նախատեսում է դրամական աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքներին.  

«Սա DataArt-ում ընդունված մոտեցում է: 44-օրյա պատերազմից հետո ընկերությունը փորձեց գումարով աջակցել զոհվածների ու վիրավորների ընտանիքներին: Մեր աշխատակիցներն իրենք իրենց նախաձեռնությամբ որոշակի գումար են հավաքում՝ ով որքան ցանկանում է կամ կարող է, ինչից հետո ընկերությունը կրկնապատկում է հավաքված գումարը»:

Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ դեռ որոշված չէ՝ ինչին կուղղվի հավաքված գումարը.

«Ամենայն հավանականությամբ, կփորձենք թիրախավորված աջակցել մի քանի ընտանիքի: Հնարավոր է՝ այդ գումարն ուղղվի նաեւ երկարաժամկետ ծրագրերի: Օրինակ՝ աջակցենք արցախցի ուսանողներին՝ ուսման վարձը վճարելով»:

DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշում է, որ օրերս աշխատակիցները հանդես են եկել նաեւ մեկ այլ նախաձեռնությամբ: Նրանք դիմել են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ ցանկանալով ձեւավորել կամավորների թիմ, որը պատրաստ է արյուն հանձնել:

photo © DataArt



«Առաջիկայում ընկերությունը կիրականացնի ուսուցողական ծրագրեր, որոնք միտված են օգնելու մեր արցախահայ բարեկամներին իրենց առաջին քայլերն անել ՏՏ ոլորտում», - ասում է Արսեն Բաղդասարյանը:

Նա ընդգծում է՝ նման իրավիճակներում ՏՏ համայնքը բավականին ակտիվ է: Տեղյակ է, որ աջակցության ծրագրեր իրականացնում են նաեւ այլ ընկերություններ.

«Միանշանակ ճիշտ է, երբ ասում են՝ «գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»: Նման ժամանակներում միասնությունը կարեւոր է: Մենք նաեւ մեծ ակնածանքով եւ հպարտությամբ էինք հետեւում՝ ինչպես մեր ռելոկանտ գործընկերներն առաջինը խոսեցին օգնություն ցուցաբերելու մասին, ակտիվ մասնակցեցին ու  շարունակում են մասնակցել վերոնշյալ բոլոր նախաձեռնություններին։»:

Յանա Շախրամանյան