15:02 | 04.09.23 | Հոդվածներ | exclusive 3000

«Յանդեքս»-ի դպրոցից՝ «իսկական» Յանդեքս. Սարգսի իրականացած երազանքը

Սարգիս Բեյբությանը 15 տարեկան էր, երբ իմացավ, որ Գյումրիում «Յանդեքս»-ի ծրագրավորման դպրոց է բացվել։

«Ընկերությանը լավ ծանոթ էի, օգտագործում էի «Յանդեքս» բրաուզեր, «Յանդեքս»  երաժշտություն։ Ու ինձ համար շատ անսպասելի էր, որ «Յանդեքս»-ը եկել է Գյումրի, ինչ-որ բան է անում, ու ես դրանում չկամ»։  

photo © Մեդիամաքս



Դիմեց անմիջապես, բայց պարզվեց՝ մեկ օր ուշացել է, հայտերի ընդունումն ավարտված է։ Քանի որ մինչ այդ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում էր սովորում, այստեղ խոստացան՝ հաջորդ տարի նրան անձամբ կհայտնեն ընդունելության մասին։ Այդպես էլ եղավ։

Սարգիսը պատմում է, որ «Յանդեքս»-ի դպրոցում ավելի խորությամբ ծանոթացավ ծրագրավորման հմտություններին, Գյումրու եւ Վանաձորի ծրագրավորման դպրոցի 5 լավագույն ուսանողներից մեկն էր։ «Յանդեքս»-ի դպրոցի իր բոլոր ձեռքբերումներից Սարգիսն առանձնացնում է երկուսը՝ սովորեց կառավարել ժամանակն ու հասկացավ՝ ինչով է ուզում զբաղվել։

photo © Մեդիամաքս



«Մենք հատուկ կայքով էինք սովորում, որտեղ դասն անցնելու, ընդմիջման, տնային աշխատանքն անելու համար տրվում էր կոնկրետ ժամանակ։ Հասցրեցիր՝ միավորներդ բարձրանում են, չհասցրեցիր՝ իջնում են։ Էդպես սովորեցի «time mаnаgеment», որն անհրաժեշտ է՝ անկախ աշխատանքի ոլորտից։ Բացի այդ, դպրոցի շնորհիվ գտա իմ կոչումը, հասկացա, որ չեմ կարող ամբողջ օրը նստել ու կոդ գրել։ Ես սիրում եմ հա՛մ կոդ գրել, հա՛մ կառավարել, հա՛մ ճանապարհորդել։ Մտածեցի այս երեքը համատեղել, որ կյանքից առավելագույնը ստանամ, ու որոշեցի IT ոլորտում մենեջմենթով զբաղվել»։

Սովորելու ընթացքում Սարգիսը հեռավար աշխատում էր միջազգային բանկային փոխանցումներով զբաղվող ռուսական մի ընկերությունում։ Դպրոցն ավարտելուց հետո որոշեց, որ չի ցանկանում աշխատել հեռավար՝ 4 պատի մեջ նստած, ու գործի անցավ մի ՏՏ ընկերությունում։

photo © Մեդիամաքս



Ասում է՝ վաղուց ցանկանում էր «Յանդեքս»-ում աշխատել, միշտ հետեւում էր ազատ հաստիքներին, բայց հարմար ոչինչ չէր գտնում։ 2022-ի հոկտեմբերին, երբ որոշեց դուրս գալ աշխատանքից, նույն օրը գտավ Yandex Go-ում առաքման օպերացիոն մենեջերի թափուր հաստիքի հայտարարությունը, որ մեկ ժամ առաջ էր դրվել։ Դիմեց նույն պահին։ Երկու շաբաթ հետո Սարգիսն արդեն «Յանդեքս»-ի աշխատակից էր։

«Սկզբում մտածում էի, որ իմ աշխատանքը ենթադրում է գնալ-գալ, ակտիվ շփումներ գործընկերների հետ։ Բայց հետո, երբ սկսեցինք նույն հաստիքի իմ գործընկերոջ հետ պարտականությունները բաժանել, պարզվեց, որ ես պետք է ՏՏ ոլորտը ղեկավարեմ, որովհետեւ ծրագրավորման շնորհիվ համակարգչին ավելի լավ եմ տիրապետում»։

Աշխատանքի համար դիմելիս՝ Սարգիսը մոռացել էր գործընկերներին տեղեկացնել, որ մի քանի տարի առաջ «Յանդեքս»-ի ծրագրավորման դպրոցում է սովորել։ Ամիսներ անց դարակները դասավորելիս, դպրոցի ավարտական վկայականն աչքի ընկավ։

«Գտա նաեւ սովորելու տարիներին արված երկու նկար ու ներքին «չաթով» գրեցի մերոնց՝ գուշակեք, թե էս 3-ից հետո ո՞վ է ընդունվելու «Յանդեքս»»,- ծիծաղելով պատմում է։

Աշխատանքի 10 ամիսների ընթացքում Սարգիսը վերակառուցեց առաքիչների աշխատանքը Գյումրիում: Եթե մինչ այդ առաքման պատվերները քաղաքում իրականացնում էին վարորդները, ապա ռեստորանների, կորպորատիվ հաճախորդների համար առաքման նոր ծառայությունների գործարկումից հետո անհրաժեշտ էր ունենալ հատուկ դասընթացներ անցած առաքիչներ:

photo © Մեդիամաքս



21-ամյա երիտասարդը մեծ նպատակներ ու ընկերությունում ավելի պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու ցանկություն ունի։ Ասում է՝ «Յանդեքս»-ն այդ հնարավորությունը տալիս է։

««Յանդեքս»-ը երկու մեծ առավելություն ունի։ Դու կարող ես աշխատել հեռավար, բայց երբ ուզես, գնաս օֆիս, ի տարբերություն ուրիշ ընկերությունների, որ Հայաստանում գրասենյակային տարածք չունեն։

Մյուս առավելությունը, «Յանդեքս»-ն ունի կայք, որի միջոցով կարող ես հետեւել, թե ընկերությունն ինչ ազատ հաստիքներ ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ ամբողջ աշխարհում։ Քանի որ «Յանդեքսը» տարբեր ընկերություններ ու ծառայություններ ունի, երբ ուզես աշխատանքդ փոխել, կարող ես այդ կայքում տարբեր առաջարկներ գտնել՝ մնալով նույն ընկերությունում նոր պարտականություններ ստանձնես, նոր թիմում աշխատես։ Սա շատ մեծ առավելություն է»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի