10:40 | 13.10.23 | Նորություններ | 15468

Արեւային էներգիան Վիվա-ՄՏՍ-ի բջջային կայաններում է

Արդիականացումը Վիվա-ՄՏՍ-ում շարունակական գործընթաց է: Շարունակում են զարգանալ Հայաստանում միակ 5G, ինչպես նաեւ՝ 4G եւ 3G ցանցերը: Միաժամանակ, ցանցի արդիականացումը 21-րդ դարում պահանջում է բնապահպանական ու էներգախնայող լուծումների կիրառում:

Վիվա-ՄՏՍ-ի նվաճումներն արեւային էներգիայի կիրառման ոլորտում.  

•    ընդհանուր առմամբ՝ արեւային էներգիայի կիրառման շնորհիվ մինչեւ 2023թ.-ի ավարտը գործառնական ծախսերի տնտեսումը կկազմի այնքան գումար, որքան կպահանջվեր վճարել մոտ 350 000 կՎտ/ժ էլեկտրական էներգիա սպառելու համար,
•    տարեկան կտրվածքով բջջային կապի հիմնական կայաններում տեղադրված արեւային համակարգերը եկող տարվանից կարտադրեն մոտ 520 000 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, բացի այդ, արեւային էներգիա օգտագործելու շնորհիվ նվազում են հիմնական կայաններում դիզելային վառելիքի առաքման/սպառման ծավալները,
•    տարեկան կտրվածքով Վիվա–ՄՏՍ–ը խնայում է մոտ 44 244 լիտր դիզելային վառելիք։ Միջազգայնորեն ընդունված չափանիշներով ֆոտովոլտային արեւային 38 կայանների շնորհիվ խնայվում է այնքան թթվածին, որքան տարեկան կտրվածքով կարող են արտադրել 7 460 ծառերը:

Վիվա-ՄՏՍ-ը «կանաչ» տեխնոլոգիաներ է կիրառում թե՛ բջջային կապի արդիականացման եւ թե՛ սոցիալական նախագծերում։

«Արեւային տեխնոլոգիաների ներդրումն ու տարածումը եղել եւ մնում է Վիվա-ՄՏՍ-ի օրակարգում: Ֆոտովոլտային արեւային համակարգերի ներդրումը ցանցի արդիականացման կարեւոր բաղադրիչ է, եւ մենք տարեցտարի ավելացնում ենք արեւային էներգիայով սնվող հիմնական կայանների քանակը: Արեւային էներգիան անվնաս է, վերականգնվող եւ չունի արտանետումներ: Բջջային կապի ենթակառուցվածքում ֆոտովոլտային արեւային համակարգերի ներդրումը կարեւոր է հատկապես այնպիսի վայրերում, որտեղ կենտրոնացված էլեկտրասնուցումը հասանելի չէ։ Այսպիսով՝ արեւային էներգիայից ոչ միայն չի տուժում բնությունը, այլեւ խնայվում են միջոցներ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է մինչեւ տարեվերջ ֆոտովոլտային արեւային համակարգեր տեղադրել տարբեր մարզերում բջջային կապի շուրջ 25 բազային կայանում, այդ թվում՝ սահմանամերձ վայրերում: Սա՝ ի հավելում նախորդ տարիների նույնատեսակ 13 կայանի:

Արեւային համակարգերի կիրառումը կարեւոր է հատկապես այնպիսի հեռավոր տեղանքներում, որտեղ չկա կենտրոնացված էլեկտրամատակարարում, ճանապարհները դժվարանցանելի են, իսկ ձմռան ամիսներին եղանակային պայմանների պատճառով հաճախ մեծ դժվարությամբ է հնարավոր լինում դիզելային վառելիքը հասցնել կայան: Վիվա–ՄՏՍ–ի կայանները ձայնային կապի եւ ինտերնետի ծառայություններ են տրամադրում հեռավոր, այդ թվում ՝ սահմանամերձ բնակավայրերում, ռազմավարական նշանակության օբյեկտներում եւ տարանցիկ ճանապարհներին:

Նախագծի ավարտին Վիվա-ՄՏՍ-ը կունենա ֆոտովոլտային արեւային համակարգի միջոցով էլեկտրասնուցվող մոտ 40 հիմնական կայան: Այն տեղանքներում, որտեղ էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգը հասանելի չէ, Վիվա-ՄՏՍ-ը հիմնականում կիրառում է էլեկտրասնուցման հիբրիդային համակարգեր. արեւային ֆոտովոլտային կայաններ եւ կուտակիչ մարտկոցներ: Հիբրիդային համակարգերով համալրված հիմնական կայաններում օրվա ցերեկային ժամերին էլեկտրասնուցումը կատարվում է արեւային էներգիայի շնորհիվ, իսկ մութն ընկնելուն պես միանում են լիցքավորված մարտկոցները, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վթարային դիզելային շարժիչները»,- ասված ընկերության հաղորդագրությունում: