WCIT 2024-ի գավաթը Մալազիայի Սարավակ նահանգում փոխանցվել է Հայաստանին։
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին այս տարի մասնակցել է ավելի քան 10 000 մասնակից աշխարհի 46 երկրից՝ համախմբելով համաշխարհային առաջնորդներին, տեխնոլոգիական ոլորտի նորարարներին՝ բացահայտելու նորարարության եւ տեխնոլոգիայի ներուժը ամբողջ աշխարհում:
WCIT | IDECS 2023-ը նաեւ նշանավորվել է WCIT 2023-ի հռչակագրով եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT 2024-ի գավաթը Հայաստանին փոխանցելով։
WCIT 2019-ի հաջողությունների եւ WITSA-ի հետ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործակցությունը կշարունակվի, քանի որ Հայաստանը հաղթել է հաջորդ WCIT-ն անցկացնելու մրցույթում եւ ստացել միջոցառումը կրկին հյուրընկալելու արտոնություն։
WCIT-ն անցկացնում է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA), որը միավորում է 80 երկիր։ WITSA-ի տեսլականն է թվային տեխնոլոգիաները եւ թվային տնտեսությունը որպես նոր ռազմավարական հենարան դարձնել համաշխարհային տնտեսությունների համար՝ խթանելով թվային փոխակերպման արժեքը՝ որպես տնտեսական աճի եւ սոցիալական բարգավաճման կատալիզատոր:
WCIT 2024-ի թեման է «Գիտությունը որպես թվային դարաշրջանի խոստումները կատարելու միջոց»: Այս թեմատիկ շեշտադրումն ընդգծում է Հայաստանի հանձնառությունը՝ օգտագործելու գիտական առաջընթացները՝ ընդգրկելով թվային դարաշրջանի ողջ ներուժը:
«Սա Հայաստանի ՏՏ ոլորտի համար եւս մեկ նոր հաղթանակ է եւ հնարավորություն՝ աշխարհին ցույց տալու, թե ինչն է մեզ դարձնում «նոր կենտրոն»: Պատրաստվե՛ք, քանի որ նոր WCIT-ը լինելու է ավելի մեծ, ավելի հնչեղ եւ ավելի լավը, քան եղել է երբեւիցե»,-նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: