14:01 | 05.10.23 | Նորություններ | 2899

Made by Google 2023․ այն ամենն, ինչ ներկայացվել է շնորհանդեսում

Հոկտեմբերի 4-ին Google-ը մեծ շնորհանդեսի ընթացքում թողարկել է երկու նոր ֆլագման Pixel 8-ը եւ Pixel 8 Pro-ն, ինչպես նաեւ ներկայացրել է Pixel Watch 2 խելացի ժամացույցը ու Android 14-ը։

Pixel 8 եւ Pixel 8 Pro՝ նոր AI ֆունկցիաներով

Սմարթֆոններն ստացել են արդեն իսկ ճանաչելի դիզայն՝ հետեւի վահանակի տեսախցիկների համար հորիզոնական գծով։ Ուրվագծերը դարձել են ավելի կլորացած։ Նոր գույներ են հայտնվել, IP68 խոնավության պաշտպանությունը պահպանվել է:

Pixel 8-ը ստացել է 6,2 դյույմանոց OLED վահանակ՝ FHD+ լուծաչափով, 2000 նիտ առավելագույն պայծառությամբ եւ 60-120 Հց թարմացման արագությամբ։

Pixel 8 Pro-ն ունի 6,7 դյույմանոց LTPO OLED էկրան՝ QHD+ լուծաչափով, մինչեւ 2400 նիտ պայծառությամբ եւ 1-120 Հց թարմացման արագությամբ:

Սմարթֆոնների ներսում կա նոր Google Tensor G3 չիպ։ Սա լրացվում է 8 ԳԲ օպերատիվ հիշողությունով Pixel 8-ում եւ 12 ԳԲ-ով` Pixel 8 Pro-ում: Երկու դեպքում էլ դա արագ LPDDR5X հիշողություն է: Պահեստային հիշողությունը սկսում է 128 ԳԲ-ից: Երկու մոդելներն էլ աջակցում են Wi-Fi 7, Bluetooth 5.3 եւ NFC:

photo © Google



Pixel 8 մոդելն ունի կրկնակի հիմնական տեսախցիկ՝ 50 ՄՊ հիմնական մոդուլով (f/1.68) եւ աջակցում է Super Res Zoom-ին: Երկրորդ սենսորը լայնանկյուն օպտիկայով ունի 12 մեգապիքսել եւ ավտոֆոկուս։ Այն օգտագործվում է նաեւ նոր մակրո ռեժիմում։

Pro տարբերակն ունի նույն հիմնական տեսախցիկը, բայց բարելավված ֆոկուսով, 48 մեգապիքսելանոց լայն սենսոր, նաեւ բարելավված ավտոֆոկուսով, կա հեռաֆոտո՝ 5x օպտիկական խոշորացման եւ 30x Super Res Zoom-ի աջակցությամբ:

Ֆլագմանների սելֆի տեսախցիկը նույնն է՝ 10,5 մեգապիքսել։ Այն կարող է օգտագործվել գաջեթը օգտատիրոջ դեմքով բացելու համար:

Արհեստական ինտելեկտի վրա հիմնված նոր ծրագրային գործառույթների շարքում է Best Take ֆունկցիան, որը նկարում դեմքերը փոխելու հնարավորություն է տալիս։ Այն թույլ է տալիս անմիջապես շտկել կադրը, եթե ինչ-որ մեկը թարթել է աչքերը կամ շրջվել:

Magic Editor ֆունկցիայով կարող եք փոխել լույսը, ֆոնը, երկինքը, ինչպես նաեւ՝ օբյեկտների դիրքն ու չափը:

Մարտկոցների եւ լիցքավորման առումով նախորդ սերնդի համեմատ փոփոխությունները փոքր են. Pixel 8 – 4575 mAh, լարային լիցքավորում մինչեւ 27 Վտ եւ անլար լիցքավորում մինչեւ 18 Վտ: Pixel 8 Pro - 5050 mAh, լարային լիցքավորում մինչեւ 30 Վտ եւ անլար լիցքավորում մինչեւ 23 Վտ:

Pixel 8-ը կարող եք գնել ԱՄՆ-ում՝ սկսած 699 դոլարից, իսկ Pixel 8 Pro-ն՝ սկսած 999 դոլարից։



Pixel Watch 2

Google-ի խելացի ժամացույցի ալյումինե կորպուսն ամբողջությամբ վերափոխվել է, պատրաստված է չժանգոտվող պողպատից: Դիզայնը դարձել է ավելի սպորտային։ Այն համալրվել է 41 մմ կլոր OLED էկրանով 384 × 384 լուծաչափով:

Google-ը հրաժարվել է Exynos չիպից։ Նոր ժամացույցն աշխատում է Snapdragon W5-ով Adreno 702 գրաֆիկայով, RAM-ի ծավալը մնում է անփոփոխ՝ 2 ԳԲ։
Հետեւի մասում ավելացվել է երեք նոր սենսոր, այդ թվում՝ բազմակողմանի Fitbit: Նույնիսկ ինտենսիվ ֆիզիկական ակտիվության ժամանակ սարքն ապահովում է սրտի հաճախության ավելի ճշգրիտ եւ հուսալի չափում:

Ինչ վերաբերում է ակտիվությանը, ապա ժամացույցը սովորել է ավտոմատ կերպով հայտնաբերել մարզման սկիզբը եւ դադարեցնել այն, եթե օգտատերը որոշի ընդմիջել: Իսկ Pace Training նոր ֆունկցիան թույլ է տալիս վերահսկել շարժման տեմպը վարժության ընթացքում:

photo © Google



Այժմ նրանք կարող են նաեւ հետեւել օրգանիզմի ռեակցիաներին եւ որոշել սթրեսի մակարդակը։ Օգտատերերը հնարավորություն ունեն նշելու իրենց տրամադրությունը։ Եթե խնդիր է հայտնաբերվում, սարքն ինքն է լուծումներ առաջարկում, օրինակ՝ շնչառական վարժություններ կամ զբոսանք։

Մեկ այլ նոր սենսոր թույլ է տալիս Pixel Watch 2-ին չափել մաշկի ջերմաստիճանը, հետեւել քնի ռեժիմին եւ ընդհանուր ինքնազգացողությանը: Բոլոր չափումները, վիճակագրությունը եւ AI վերլուծությունը կարելի է դիտել թարմացված Fitbit հավելվածում:

306 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն աշխատում է 24 ժամ: Այն ավելի արագ է լիցքավորվում. 30 րոպեն բավական է 12 ժամ աշխատելու համար: Մյուս առանձնահատկությունները ներառում են նոր ժապավենները, թարմացված թվաչափերը եւ IP68 պաշտպանություն ջրից մինչեւ 50 մետր ընկղմման խորությամբ ու փոշուց:

Pixel Watch 2 խելացի ժամացույցն արդեն հասանելի է ԱՄՆ-ում նախնական պատվերի համար: Wi-Fi-ով մոդելի գինը 350 դոլար է, LTE-ը՝ 400 դոլար:



Android 14

Google-ը ներկայացրել է Android 14 օպերացիոն համակարգը, որը փորձարկվել է այս տարվա փետրվարից։ Pixel հեռախոսների սեփականատերերն առաջինը կստանան այն։

Թարմացված ՕՀ-ի հիմնական առանձնահատկությունն արտաքին տեսքի հարմարեցումն է: Մշակողները հատուկ ուշադրություն են դարձրել կողպէկրանին, որի վրա այժմ կարող եք հարմարեցնել տարբեր պաստառներ, ժամացույցներ եւ ցուցադրվող տեղեկատվություն։ Գործում է նաեւ Ultra HDR աջակցություն:

Android 14 համակարգն այժմ ունի արհեստական բանականության վրա հիմնված պաստառների գեներատոր. պարզապես կարող եք մուտքագրել տեքստային նկարագրություն եւ ալգորիթմները կստեղծեն ցանկալի պատկերը: Սկզբում այս ֆունկցիան հասանելի կլինի միայն Pixel 8 եւ 8 Pro սմարթֆոններում։

Համակարգում ներկառուցված է Health Connect հարթակը, որը պահում է առողջության տվյալները անմիջապես սարքի վրա՝ Apple Health-ի նման:

Android 14-ի մյուս գործառույթները ներառում են Google Camera-ի նոր գործառույթներ, առանձին զանգերի եւ ծանուցումների ձայնի կառավարում, ֆլեշ ազդանշաններ եւ այլն:

Թարմացումն արդեն սկսել է տարածվել այս սարքերում.

•    Pixel Fold;
•    Pixel պլանշետ;
•    Pixel 7a;
•    Pixel 7;
•    Pixel 7 Pro;
•    Pixel 6a;
•    Pixel 6;
•    Pixel 6 Pro;
•    Pixel 5;
•    Pixel 5a;
•    Pixel 4a 5G:

Սմարթֆոնների այլ արտադրողների աջակցվող մոդելները կսկսեն ստանալ Android 14 մինչեւ տարեվերջ: