10:21 | 29.09.23 | Նորություններ | 2024

Թումոյի 42 Երեւան դպրոցն արցախցիների համար պարզեցրել է ընդունելությունը

42 Երեւան ծրագրավորման անվճար դպրոցը հատուկ տեղեր է առանձնացրել Արցախից բռնի տեղահանվածների համար` պարզեցնելով ընդունելության կարգը:

Արցախցի դիմորդները հնարավորություն կստանան շրջանցել ընդունելության առաջին 2 փուլերը` անմիջապես միանալով նոյեմբերի 13-ին մեկնարկող Ավազան փուլին: Դիմելու համար ծրագրավորման ոլորտում որեւէ փորձ կամ գիտելիքներ անհրաժեշտ չեն:

Դիմել կարող են նվազագույնը 18 տարեկան ծրագրավորման ոլորտով հետաքրքրված անձինք։ Հարկավոր է մինչեւ հոկտեմբերի 12-ը գրանցվել https://42yerevan.am/  կայքում եւ ուղարկել նամակ info@42yerevan.am հասցեին՝ նշելով, որ Արցախից եք եւ ներառել այն էլ. հասցեն, որով գրանցվել եք կայքում:

42 Երեւանը կրթական նախագիծ է, որի նպատակն է կրթել ոլորտի լավագույն մասնագետներին: Կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլը, Ռիո դե Ժանեյրոն, Ամստերդամը եւ 49 այլ քաղաք ամբողջ աշխարհում: Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։