12:43 | 25.09.23 | Նորություններ | 18716

Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում»

«Յուքոմ ՓԲԸ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն «Առաջնորդության դպրոցի» ուսանողների համար հանդես է եկել առաջնորդության վերաբերյալ հատուկ դասախոսությամբ, որով մեկնարկել «Առաջնորդության դպրոցի» սաների 2023-2024թթ. ուսումնական տարին:

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է գործարար ոլորտում առաջնորդության եւ կառավարման հիմնական սկզբունքները՝ հիմնվելով հեռահաղորդակցության ոլորտում 25 տարվա իր փորձի վրա, խոսել է առաջնորդի՝ հատկապես պատասխանատու իրավիճակներում որոշումներ կայացնելու օրինակներից, շեշտել կառավարչի եւ առաջնորդի միջեւ էական տարբերությունը:

«Ընկերության աշխատակիցները պետք է վստահ լինեն, որ ցանկացած մտահոգություն կամ առաջարկ, որը կներկայացնեն իրենց անմիջական ղեկավարին, կհասնի ամենաբարձր մակարդակ եւ հաշվի կառնվի: Այո՛, աշխատակիցը պետք է լսված լինի, իսկ առաջնորդը պետք է կարողանա որոշում կայացնել՝ կարծիքներն ուշադիր լսելուց հետո։ Երբ միանում ես արդեն իսկ կայացած ընկերությանը, անհրաժեշտ է խորապես ծանոթանալ առկա կորպորատիվ մշակույթին, ուշադրություն դարձնել արդեն իսկ ձեւավորված արժեքներին եւ անընդունելի վարքագիծ նկատելու դեպքում համբերատար ու հոգատար կերպով փոխել այն», - ասել «Յուքոմ ՓԲԸ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դասընթացի ընթացքում 18-35 տարեկան մոտ 30 ուսանող հնարավորություն է ունեցել իրեն հետաքրքրող հարցերն ուղղել «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենին, ստանալ գործնական խորհուրդներ՝ առաջնորդության ճանապարհին կողմնորոշվելու համար, տեղեկանալ հայկական ընկերությունում առաջնորդի դեր ստանձնելու մարտահրավերների եւ առավելությունների մասին:

«Առաջնորդության դպրոց» հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Վերջինիս գերակայություններից է գործնական նախագծերի ու աշխատանքների իրականացումը։