15:44 | 28.08.23 | Նորություններ | 1125

Modicus Prime-ը միացել է Johnson & Johnson Innovation-ի գլոբալ ցանցին

Հայ հիմնադիրներ ունեցող Modicus Prime-ը հայտարարել է Johnson & Johnson Innovation – JLABS գլոբալ ցանցին միանալու մասին՝ դեղերի կոմերցիոն արտադրության ընթացքում որակի կարիքները հոգալու նպատակով։

JLABS-ը բաց նորարարական էկոհամակարգերի գլոբալ ցանց է, որն ամբողջ աշխարհում հիվանդներին մատակարարում է կյանքը բարելավող առողջապահական լուծումներ: JLABS-ն օգնում է դեղագործության, բժշկական սարքավորումների, սպառողական ապրանքների եւ բժշկական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցներին առաջարկել լուծումներ պացիենտներին եւ օգտատերերին:

«Աղտոտված դեղամիջոցները բացասաբար են անդրադառնում հանրային առողջության վրա բոլոր էթնիկ խմբերի, սեռերի եւ մշակույթների շրջանում, ուստի դեղերի որակի բարելավման լուծումը բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն է։ Այս հզոր բազմազան համայնքին միանալը կնպաստի համաշխարհային մասշտաբով դեղերի որակի կարիքները լուծելու մեր առաքելությանը», - ասել է Modicus Prime-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Թեյլոր Չարտիեն:

Modicus Prime-ը մշակում է տվյալների մշակման ինքնասպասարկվող ծրագրակազմ` կենսատեխնոլոգիական հետազոտությունների եւ արտադրության գործընթացի արդյունավետ վերահսկողությունն ապահովելու համար:

Ընկերությունը լուծում է արհեստական բանականության (AI) եւ համակարգչային տեսողության (computer vision) խնդիրներ կենսաբանական բնագավառում, ինչպես նաեւ հետազոտությունների եւ արտադրման ժամանակ որակի վերահսկման եւ անոմալիաների հայտնաբերման նպատակով իրական ժամանակում որոշումներ կայացնում:

Ավելի վաղ հայտնել էինք ընկերության $1,1 միլիոն նախասաղմնային ներդրում ներգրավելու մասին։