15:31 | 25.08.23 | Նորություններ | 1707

YouTube-ը փորձարկում է երգերի որոնման նոր գործառույթ

YouTube-ը գործարկել է փորձնական գործառույթ, որը թույլ է տալիս հարթակում գտնել երգ՝ պարզապես երգելով մեղեդին: Այն հասանելի է դարձել Android հավելվածի սահմանափակ թվով օգտատերերին։

Գործառույթի նկարագրության համաձայն՝ այն հնարավորություն է տալիս YouTube-ում երգեր որոնել երեք վայրկյան տեւողությամբ աուդիո ձայնագրությունների միջոցով։ Հավելվածի օգտատերերը կարող են եւ՛ իրենք երգել ստեղծագործության մոտիվը, եւ՛ երաժշտություն ձայնագրել, օրինակ, որը հնչում է հասարակական վայրում՝ Shazam-ի նմանությամբ։

YouTube-ի փորձնական գործառույթն աշխատում է նույն սկզբունքով, ինչ Hum to Search տարբերակը, որը հայտնվել է Google հավելվածում 2020 թվականին։

Այնուամենայնիվ, ընկերությունից նշել են, որ կատարելագործել են այս տեխնոլոգիան։ Այն սկսել է ավելի արագ աշխատել եւ այժմ ստեղծագործությունները ճանաչում է կարճ հատվածներով, մինչդեռ նախկինում պահանջվում էր ձայնագրել 10-15 վայրկյան:

Google-ը չի նշել, թե որքան ժամանակ կշարունակվի գործառույթի սահմանափակ փորձարկումը եւ արդյոք այն հասանելի կդառնա բոլոր օգտատերերին։ Հարկ է նշել, որ ոչ բոլոր փորձնական տարբերակներն են հայտնվում YouTube-ի հանրային տարբերակում։