14:18 | 04.08.23 | Նորություններ | 17856
«Յուքոմ» ՓԲԸ-ը գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Արեւորդի» բնության եւ մշակույթի պահպանման ՀԿ հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն ու տնօրեն Եվա Մարտիրոսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
«Մտածե՛նք կանաչ, գործե՛նք կանաչ» կարգախոսը կրող գործընկերությունը միտված է ձեւավորել բնապահպանորեն իրազեկ, պատասխանատու երիտասարդների շարունակաբար զորեղացվող, գործուն համայնք։
«Ucom-ը հետեւողականորեն իրագործելու է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծեր՝ կենտրոնանալով ոչ միայն տեխնոլոգիական հիմք ունեցող ծրագրերի, այլեւ բնապահպանական կայունության ու կանաչ հայեցակարգի խթանման վրա։ Ընկերությունը վճռական է կենսական դեր ստանձնել Հայաստանի համար ավելի կանաչ ապագայի կերտման գործում։ Մենք պետք է մտածենք կանաչ, որպեսզի նաեւ գործենք կանաչ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
2006թ․-ից գործող «Արեւորդի» ՀԿ-ն առավել հայտնի է որպես «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր եւ իրականացնող։ Այս տարի «Յուքոմ»-ը կներկայանա որպես «Արեւորդի» փառատոնի գլխավոր աջակից։
«Հոկտեմբերի 13-18-ն «Արեւորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնն այս տարի նախատեսում է հատկապես հագեցած ծրագիր, որի առանցքային բաղադրիչներից են երիտասարդներին ուղղված նախաձեռնությունները։ «Երիտասարդական օազիս» անվանումով միջոցառումների շարքը ներառում է բնապահպանական տարբեր թեմաներով աշխատարաններ, վարպետաց դասեր, ֆիլմերի ծրագիր, ցուցահանդեսներ, դիմակահանդես-շքերթ», - ասել է «Արեւորդի» բնության եւ մշակույթի պահպանման ՀԿ տնօրեն Եվա Մարտիրոսյանը։
Փառատոնի շրջանակում «Յուքոմ»-ը «Լավագույն երիտասարդ էկո-լրագրող» մրցանակ է սահմանել։ Սա տրամաբանական շարունակությունն է բնապահպանական լրագրության դասընթացաշարի, որի նպատակը երիտասարդ լրագրողներին բնապահպանական թեմաների խորքային, բազմակողմ լուսաբանման, լրագրողական հետաքննության վերաբերյալ հիմնարար գիտելիք ու հմտություններ հաղորդելն է։
«Կանաչ» գործակցության հատկանշական առանձնահատկությունն այն է, որ Ucom-ի թիմը հանդես է գալու անմիջական իրականացնողի դերում՝ աշնանը միանալով «Արեւորդի» ՀԿ ամենամյա ծառատունկին։
Ucom-ի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ առաջիկա ամիսների ընթացքում կայցելեն «Արեւորդի» ՀԿ կրթական ծրագրերի շահառու տարբեր համայնքներ, որտեղ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ կվարեն տեղի երիտասարդների համար։