14:08 | 04.08.23 | Նորություններ | 1500

Tech Camp 2023-ը համախմբել է սահմանամերձ բնակավայրերի 100 աշակերտի

Հուլիսի 24-30-ը կայացել է «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագիրը։

Ճամբարի նպատակն էր ավագ դպրոցների պատանիներին տրամադրել գիտելիքներ տեխնոլոգիական տարբեր ուղղություններով եւ նպաստել մասնագիտության կողմնորոշման հարցում:

Tech Camp 2023 պիլոտային ծրագրին մասնակցել է Գեղարքունիքի մարզի Կութ, Վահան, Սոթք, Նորաբակ եւ Ճամբարակ սահմանամերձ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտ։

Տեխնոլոգիական ճամբարի ընթացքում ոլորտի լավագույն մասնագետները ճամբարականների համար դասախոսություններ ու պրակտիկ պարապմունքներ են անցկացրել «Տվյալների պաշտպանություն», «Ինֆորմացիայի անվտանգություն», «Թվային միջավայր, նոր հնարավորություններ», «Ապագայի մասնագիտություններ», «Այլընտրանքային էներգետիկա, հեռանկարները ՀՀ-ում», «Կենսատեխնոլոգիա», «Աստղաֆիզիկա», «Արհեստական բանականություն եւ նոր իրականություն» թեմաներով։

Կազմակերպվել են նաեւ էքսկուրսիաներ, ազգային պարերի ուսուցում, հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ, որոնք կիսվել են իրենց փորձով ու հաջողության պատմություններով։

Տեխնոլոգիական ճամբարը կազմակերպել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։