13:08 | 02.08.23 | Նորություններ | 1816

    Արցախում անվտանգ հաղորդակցության համար գործարկվել է ArtsakhX-ը

    ArtsakhX հավելվածը, որը նախատեսված է Արցախում կայուն եւ անվտանգ հաղորդակցության համար, արդեն հասանելի է ներբեռնելու համար։   

    ArtsakhX հավելվածի միջոցով օգտատերերը կարող են ամբողջությամբ՝ սկզբից մինչեւ վերջ (End-to-End) գաղտնագրված ձեւով միմյանց փոխանցել անձնական հաղորդագրություններ, ֆայլեր, կատարել աուդիո եւ տեսազանգեր: ArtsakhX-ում տվյալները չեն պահպանվում սերվերների վրա, ինչը հնարավորություն է տալիս խուսափել հաքերային հարձակումներից։

    «Տվյալների ցածր օգտագործման ռեժիմը» թույլ է տալիս հաղորդակցվել նույնիսկ ցածր թողունակությամբ, ոչ կայուն եւ նույնիսկ աշխարհից անջատված համացանցի բացակայության դեպքում։ Նշված համակարգի աշխատունակությունն ապահովելու համար պարտադիր է ունենալ Wi-Fi կամ բջջային տվյալների կապի հասանելիություն։ Այսինքն՝ այն կգործի նաեւ Արցախից դուրս կապի խափանման, ընդհատման դեպքում։

    ArtsakhX-ն ունի հետեւյալ գործառույթները՝

    •    գաղտնագրված տեքստեր, ֆայլեր, ձայնային զանգեր եւ տեսազանգեր;
    •    խմբային զրույցներ, բարձր որակի աուդիո եւ տեսազանգեր;
    •    ինտերնետ տրաֆիկի խնայողություն՝ «Տվյալների ցածր օգտագործման ռեժիմի» կիրառմամբ;
    •    հնարավորություն շփվել նույնիսկ ցածր թողունակությամբ կամ տատանվող ինտերնետ կապի պարագայում;
    •    պետական մարմիններից հրատապ ու նպատակային ծանուցումներ ստանալու հնարավորություն:

    Օգտատերերը կարող են ներբեռնել եւ օգտագործել հավելվածը Google Play-ից, App Store-ից կամ ArtsakhX-ի պաշտոնական կայքից՝ գրանցվելով միայն արցախյան բջջային հեռախոսահամարով։