17:32 | 01.08.23 | Նորություններ | 7982
Ucom շարժական ցանցի արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումների մի մասն արդեն Հայաստանում է:
Այսօր «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձամբ է հետեւել Հայաստան ժամանած Ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման եւ ծառայությունների մատակարարման համաշխարհային հսկաներից մեկի՝ Ericsson ընկերության սարքավորումների բեռնաթափման ընթացքին։
«Սկսել ենք ցանցի վերազինման, զարգացման, արդիականացման եւ ընդլայնման աշխատանքները, որոնք բաղկացած են մի քանի փուլից։ Առաջին փուլի առաջին մասի սարքավորումներն արդեն ժամանել են, դրանք հիմա բեռնաթափում ենք, իսկ պահեստից հետո դրանք տեղադրվելու են տարբեր կայաններում։ Մեր բաժանորդներին մի փոքր համբերություն է անհրաժեշտ, որովհետեւ բավականին ծավալուն աշխատանք ենք իրականացնելու ցանցում, որի ընթացքում ընդհատումներ կամ որակի անկում կարող է նկատվել, բայց վերջում մենք շարժական կապի ցանցի հիանալի որակ ենք ունենալու եւ հիանալի փորձառություն կապահովենք մեր աննման եւ սիրելի բաժանորդների համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ընկերությունից հիշեցնում են, որ «Յուքոմ» ՓԲԸ 5-ամյա ռազմավարության հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը եւ արդեն մեկնարկել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ: