07:01 | 12.07.23 | Նորություններ | 14737

Ռոստելեկոմը GFN.AM-ի հետ գործարկում է PowerPlay խաղային ծառայությունը

Ռոստելեկոմը GFN.AM-ի հետ համատեղ առաջինը Հայաստանում գործարկում է PowerPlay խաղային ծառայությունը՝ GeForceNow-ի բազայի վրա:

Ռոստելեկոմի բոլոր բաժանորդները կարող են միանալ PowerPlay ծառայությանը, որը թույլ է տալիս հին համակարգիչը, սմարթֆոնը կամ պլանշետը վերածել հզոր սարքի եւ խաղալ ամենապահանջկոտ գրաֆիկայով խաղերը:

Ցանկացած, նույնիսկ ամենաբարդ, խաղերի առավելագույն որակն ապահովելու համար Ռոստելեկոմը իր ինտերնետ ծառայությանը միացած բաժանորդներին PowerPlay-ի շրջանակում տրամադրում է ինտերնետի հավելյալ արագություն եւ 6-րդ սերնդի Wi-Fi սարք՝ անկախ սակագնային փաթեթից․ տվյալ առավելությունները բաժանորդը կարող է օգտագործել ոչ միայն խաղերի համար, այլեւ կապի առօրյա օգտագործման ժամանակ։

PowerPlay ծառայությանը միացող գեյմերներն հնարավորություն կունենան ստանալ վերջին սերնդի GeForce գրաֆիկայի որակ։ GeForce տեխնոլոգիաները թույլ են տալիս խաղացողին ստանալ 4K կետայնությամբ պատկեր, RTX եւ այլ տեխնոլոգիաներ։ Նման բարձր որակով հնարավոր կլինի խաղալ ցանկացած, անգամ ցածր հնարավորություններ ունեցող համակարգչով, ինչպես iOS, այնպես էլ Android-ի հիմքով սմարթֆոններով եւ պլանշետներով ու ինտերնետին միանալու հնարավորություն ունեցող հեռուստացույցներով։

PowerPlay-ը համատեղելի է թվային խաղերի ամենամեծ խանութների հետ եւ խաղեր է հեռարձակում անմիջապես Steam-ի, Epic Games Store-ի, Ubisoft Connect-ի եւ այլ գրադարաններից: Կատալոգում արդեն կան ավելի քան 1500 խաղեր, որոնցից ավելի քան 100-ն անվճար են:

«Մենք հանդիսանում ենք GFN.AM կազմակերպության ռազմավարական գործընկերը եւ հաջողությամբ տեղակայել եւ գործարկել ենք GFN.AM-ի` վերջին տեխնոլոգիական լուծումներով հագեցած սերվերները  մեր տվյալների մշակման կենտրոնում։ ՀՀ-ում հանգույցի տեղակայումն առաջինն է մեր տարածաշրջանում, ինչը մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ավելի բարձրորակ եւ անխափան կերպով օգտվել խաղային ծառայություններից։

Մենք բարելավում ենք ծառայության պայմանները՝ ավելացնելով ինտերնետի արագությունը եւ տրամադրելով 6-րդ սերնդի գորհզոր Wi-Fi սարք։ PowerPlay ծառայության շնորհիվ օգտատերերը հնարավորություն կստանան խաղալ այնպիսի համակարգչային խաղեր, ինչպիսին են Fortnite, Cyberpunk 2077®, Dota 2, Counter-Strike, Global՝ առանց հսկայական ռեսուրսներ ծախսելու անհատական համակարգչի հզորացման վրա»,- նշել է Ռոստելեկոմի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Խաղային ծառայության համար ինտերնետի որակը շատ կարեւոր է։ Մեր գործընկերն արդարացիորեն վայելում է հուսալի ինտերնետ մատակարարի, ինչպես նաեւ բարդ տեխնիկական լուծումներ իրակացնող ընկերության համբավ։ Սա հիանալի միջազգային նախադեպ է, եւ մենք  միասին Հայաստանի շուկա ենք բերում նորագույն տեխնոլոգիաներ եւ գործնականում ցանկացած խաղեր խաղալու հնարավորություն՝ առանց հսկայական գումարներ ծախսելու»- ասել է GFN.AM ընկերության պրոդուկտների ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը։

Ծառայության մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ rostelecom.am կայքում: