18:17 | 27.06.23 | Հոդվածներ | exclusive 2590

PMI Science-ը Մաթեմատիկական լաբորատորիա է ստեղծում ԵՊՀ-ում

Հունիսի 23-ին կայացել է ամենամյա AI Conf Armenia 2023 միջոցառումը՝ «AI հեղափոխությունը եւ կարիերան» խորագրով։ Ֆիլիպ Մորրիսի PMI Science Գիտահետազոտական կենտրոնն այս տարի համաժողովի գործընկերն էր եւ մասնակիցներին էր ներկայացնում իր պրոդուկտներն ու հնարավորությունները։

PMI Science-ի Տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանը itel.am-ի հետ զրույցում եւ իր ելույթում ներկայացրել է կորպորատիվ գիտության պատասխանատվության (Corporate Science responsibility) գաղափարը, տաղանդների պատրաստման խնդիրներն ու ԵՊՀ-ի հետ համատեղ ստեղծվող Մաթեմատիկական լաբորատորիայի նախագիծը։

Կորպորատիվ գիտության պատասխանատվություն կամ փոխադարձ շահ

PMI Science-ը Երեւանի պետական համալսարանի հետ համագործակցում է երկար տարիներ, եւ վերջերս մենք համատեղ ստեղծում ենք Մաթեմատիկական լաբորատորիա, որն արդեն մեկ տարի է, ինչ շարունակական գործընթացի մեջ է։

Մեր Մաթեմատիկական լաբորատորիան կոռելացված է Corporate Science responsibility-ի գաղափարի հետ։ Կազմակերպությունները, որոնց պրոդուկտները սերտ կոռելացված են գիտության նորույթներին, հետ են գնում դեպի ակադեմիա, համալսարաններ եւ ներդրումներ են կատարում կրթությունում, որպեսզի շարունակական ձեւով գիտական նորույթները կարողանան օգտագործել իրենց հետագա պրոդուկտների մեջ։

photo © Mediamax


Սա ոչ միայն պատասխանատվություն է, այլեւ՝ փոխադարձ շահ։ Գաղտնիք չէ, որ բոլոր ոլորտները ենթարկվում են մեծ տրանսֆորմացիաների։ Ըստ McKinsey-ի կատարած հետազոտության՝ մեծ կորպորացիաների 50 տոկոսը առաջիկա տարիներին մեծ AI տրանսֆորմացիաների է ենթարկվելու. կանխատեսվում է R&D-ների պոտենցիալ արտադրողականության բարձրացում, ինչի արդյունքում գլոբալ ֆունկցիոնալ ծախսերի 12 տոկոսը՝ մոտ $328 միլիարդ, տրամադրվելու է AI ոլորտի զարգացումներին։

Մեծ կորպորացիաների R&D-ները հետաքրքրված են՝ հասկանալու, թե որ ուղղությամբ պետք է իրենց հետագա ներդրումները կատարեն։

Ինդուստրիայի եւ ակադեմիայի միջեւ բացն ու նոր տաղանդները

Հայաստանում ու ամբողջ աշխարհում որակյալ տաղանդների խնդիր կա։ Հարատեւ բաց կա ինդուստրիայի ու ակադեմիայի միջեւ։ Գաղտնիք չէ՝ ինդուստրիան բողոքում է, որ ակադեմիան չի պատրաստում կոմպետենտ մասնագետներ, եւ հակառակը՝ ինդուստրիան չի աջակցում կադրեր ստեղծելու հարցում։

Մյուս խնդիրը՝ տաղանդավոր մարդկանց այնքան էլ ձեռնտու եւ հարմար չէ մնալ համալսարաններում ու գիտական գործունեություն ծավալել։ Շատերը ստիպված են լինում փոխել մասնագիտությունը, դառնալ ծրագրավորող, որ մտնեն ՏՏ ոլորտ, ուր կարող են ավելի բարձր վարձատրվել։ Այդ ընդհանուր Corporate Science responsibility-ի տրամաբանության շրջանակում, նաեւ հասկանալով AI գործիքների հնարավորությունն ու նոր տաղանդներ պատրաստելու կարեւորությունը, PMI Science-ն աշխարհի շատ համալսարանների հետ է համագործակցում, այդ թվում՝ ԵՊՀ-ի։

Նարեկ Մելքոնյանը Նարեկ Մելքոնյանը
photo © Mediamax


Ֆիլիպ Մորրիսը Հայաստանում 5 տարի առաջ իր PMI Science գիտահետազոտական կենտրոնը բացեց: Այս ընթացքում մենք ֆինանսավորել ենք բազմաթիվ ծրագրեր․ ավելի քան 50 ասպիրանտական աշխատանք, 150-ից ավելի ուսանող կրթաթոշակ է ստացել հենց տվյալագիտության ոլորտում։ Որպես էկոհամակարգի տրամաբանական շարունակություն հաջորդ քայլը Մաթեմատիկական լաբորատորիայի ստեղծումն է։

PMI Science-ի Մաթեմատիկական լաբորատորիան ԵՊՀ-ում

Փորձում ենք ստեղծել ֆիզիկական այնպիսի միջավայր, որտեղ ավագ մասնագետները, գիտնականները հնարավորություն կունենան մնալ համալսարանում, աշխատել ուսանողների, կրտսեր մասնագետների հետ, ստանալ համապատասխան արժանի աշխատավարձ եւ կենտրոնանալ սիրելի գիտահետազոտական նախագծերի վրա՝ չշեղվելով իրենց գիտական հետաքրքրությունների շրջանակից։

Այս լաբորատորիայի հիմքում մարդիկ են, որոնք ունեն շատ սոլիդ գիտական հիմք մաթեմատիկայի կամ դրա հետ առնչվող ֆիզիկայի, քիմիայի, մեխանիկայի ոլորտներում ու ցանկանում են ժամանակի մեծ մասը տրամադրել գիտությանը եւ ինդուստրիային միտված նախագծերին։

photo © Mediamax


Հիմնական ուղղություններն են արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, դիֆերենցիալ հավասարումներ, օպտիմիզացիայի խնդիրներ եւ այլն։ Մաթեմատիկայի լավ հիմք ունենալու եւ ասպիրանտական աշխատանք անելու ցանկության դեպքում սա աճի լավ հնարավորություն կարող է դառնալ։

Ուզում եմ ուշադրություն հրավիրել նաեւ ակադեմիայի, մեծ կորպորացիաների ու ստարտափների շղթայի պահպանման ու համագործակցության վրա։ Ակադեմիան ապահովում է հիմքը, մեծ կորպորացիաները՝ զարգացումը, իսկ ստարտափները հարկավոր են թռիչքային աճի համար։

PMI Science-ի գլխամասը Շվեյցարիայում է, որտեղ աշխատում են հազարավոր մասնագետներ ու շատ հնարավորություններ ենք ունեցել մեր կոլեգաներին հրավիրել Հայաստան, կազմակերպել դասախոսություններ, համատեղ նախագծեր իրականացրել։ Նոր լաբորատորիան նաեւ հնարավորություններ է բացում փորձի փոխանակման տեսանկյունից։

Նունե Գրիգորյան