14:37 | 22.06.23 | Նորություններ | 7229
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարիներ առաջ գտել են մարդ-վայրի բնություն հակասությունը մեղմելու լավագույն տարբերակը:
Բնության նկատմամբ ամենօրյա հոգածությանն ավելացել են արդի տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատող «էլեկտրական հովիվները»: Ավելի քան 17 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական կարեւոր եւ լուրջ ծրագրեր ծավալող գործընկերները Վայոց ձորում «էլեկտրական հովիվների» ներդրման առաջին ծրագիրն իրականացրել են 2020 թվականին:
Ֆերմերային այն տնտեսությունները, որոնք օգտվել են արեւային էներգիայով սնուցվող «հովվի» ծառայությունից, հետագա տարիներին արջերի ներխուժման դեպքեր չեն արձանագրել: Նրանց հաջողվել է բերքը պաշտպանել կենդանիներից՝ առանց վերջիններիս վնասելու:
Վայոց ձորի մարզում այս տարի Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությունից սկսել են օգտվել նոր ֆերմերներ: «էլեկտրական հովիվների» «խնամքին» են հանձնվել տասնյակ մեղվափեթակներ: «Էլեկտրական հովիվները» հատկապես հարմար են տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների եւ հեռավոր արոտավայրեր մեկնող ֆերմերների համար:
Նվիրաբերված համակարգերն ունեն առավելություն. դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, 10-15 րոպեի ընթացքում թույլ են տալիս ցանկապատել անհրաժեշտ տարածքը եւ ապամոնտաժվում են կարճ ժամանակահատվածում: 2020 թվականին տրամադրված համակարգերով ֆերմերները կարողանում են ցանկապատել 7500 քմ, իսկ այս տարվա համակարգերով՝ 1 հա (հեկտար) տարածք:
Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով՝ այլեւս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Համակարգը բաղկացած է արեւային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, էլեկտրական ցանկապատի գեներատորից եւ հեշտ մոնտաժվող եւ ապամոնտաժվող ցանկապատից: Չորս տարի առաջ տրամադրված համակարգն ունի 300 գծամետր ցանկապատելու հնարավորություն, իսկ այս տարվանը՝ 400 գծամետր: