11:37 | 20.06.23 | Նորություններ | 1250

Հաքերները Reddit-ից պահանջել են 4,5 միլիոն դոլար

Հաքերները Reddit-ից գողացված տվյալները չհրապարակելու դիմաց պահանջել են 4,5 միլիոն դոլար եւ վճարովի API-ների չեղարկում:

BlackCat հաքերային խումբը ստանձնել է Reddit-ի հարձակման պատասխանատվությունը 2023 թվականի փետրվարին։ Սոցցանցը պնդում էր, որ կոտրումը չի ազդել օգտատերերի տվյալներին, այլ միայն անդրադարձել է ներքին փաստաթղթերի եւ աշխատակիցների մասին տեղեկատվության վրա, գրում է The Verge-ը։

Հաքերային խումբը պնդում է, որ գողացել է ծառայության 80 ԳԲ տվյալներ եւ սպառնում է դրանք հրապարակել: Խումբը պահանջում է 4,5 միլիոն դոլար եւ API-ների վճարների չեղարկում երրորդ կողմի ծառայությունների համար:

Փետրվարին Reddit-ը հայտնել էր, որ հաքերները հասանելիություն են ստացել ներքին փաստաթղթերի եւ աշխատակիցների ու գովազդատուների որոշ տվյալների, սակայն արտահոսքը չի ազդել օգտատերերի տվյալների վրա։ Reddit-ը հրաժարվել է մեկնաբանել BlackCat-ի գրառումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Reddit-ի 8000-ից ավելի համայնք (subreddit) դադարեցրել է աշխատանքը վճարովի API-ի պատճառով: Մոդերատորները դրանք տեղափոխել էին «մասնավոր» ռեժիմ, այսինքն՝ բովանդակությունը տեսանելի է միայն բաժանորդներին։

Ընկերության ղեկավարը ներքին կորպորատիվ նամակում աշխատակիցներին խորհուրդ էր տվել անտեսել գործադուլի հետ կապված «հայփը» եւ հավելել, որ այն «էական ազդեցություն չի ունեցել» ընկերության եկամուտների վրա։

Ըստ The Verge-ի՝ մի քանի օր անց Reddit-ը նամակներ է ուղարկել բողոքող համայնքների որոշ մոդերատորների՝ նշելով, որ սոցցանցը պատրաստ է համագործակցել նրանց հետ, որոնք ցանկանում են վերսկսել համայնքի աշխատանքը եւ հեռացնել դրա գլխավոր մոդերատորին։