TikTok-ը iOS հավելվածում փորձարկում է Tako չատբոտը, որը նկատել են Watchful.ai վերլուծական ընկերությունից։ TikTok-ը հաստատել է, որ իրենք որոշ երկրներում փորձարկում են նոր AI լուծում։
Ընկերությունն օգտագործում է անհայտ ծրագրավորողի AI տեխնոլոգիա, գրում է TechChrunch-ը։ Սեղմելով չատբոտի պատկերակի վրա՝ բացվում է երկխոսություն, որտեղ օգտատերերը կարող են հարց տալ իրենց դիտած տեսանյութի մասին կամ առաջարկություններ խնդրել:
Հնարավոր է նաեւ որեւէ թեմայով բովանդակության հարցում կատարել, օրինակ՝ «զվարճալի կենդանիների տեսանյութեր»: Այն կներկայացնի տեսանյութի ցանկ, դրանց հեղինակներին եւ հղումները:
Առաջին գործարկման ժամանակ TikTok-ը զգուշացնում է, որ բոտը փորձարկման փուլում է եւ կարող է սխալներ թույլ տալ, չպետք է ապավինել դրա վրա իրավական, բժշկական եւ ֆինանսական հարցերում: Միեւնույն ժամանակ, բոլոր խոսակցությունները «կստուգվեն անվտանգության նկատառումներով», այսինքն՝ չատի ավարտից հետո երկխոսությունները չեն ջնջվի։