17:43 | 23.05.23 | Հոդվածներ | exclusive 2504

Dowork.ai-ը ChatGPT-ն հասանելի է դարձնում բիզնեսներին

Հայկական Dowork.ai-ն օգնում է կազմակերպություններին արհեստական բանականությամբ օժտված բոտերի՝ ChatGPT-ի օգնությամբ ավելի հեշտացնել ընկերության գործընթացները։

Ստարտափն այս տարի ընդգրկվել է SkyDeck Europe-ի աքսելերացիոն ծրագրում եւ պատրաստվում է սաղմնային ներդրումային փուլին։

Dowork.ai-ի գաղափարի հղկման, կիրառությունների ու առաջիկա ծրագրերի մասին iTel.am-ը զրուցել է հիմնադիր Մուշեղ Գեւորգյանի հետ։

Սկզբնական գաղափարն ու փոփոխությունը

Dowork-ը հիմնել եմ 2020 թվականին՝ կորոնավիրուսի թեժ ժամանակաշրջանն էր։ Dowork.ai-ի գաղափարը ծնվեց, քանի որ տարբեր outsource ընկերություններում ինձ համար միշտ խնդիր էր նախագծերի տեղեկատվությանը հետեւելը եւ դրանք փաստաթղթավորելը. դժվար էր նախագծի գնահատումն իրականացնել՝ հիմնվելով նախկին ընկերության տվյալների վրա։

photo © Մեդիամաքս


Սկզբում օգնում էինք կազմակերպություններին պլանավորել նախագծերն ու սահմանել դրանց իրականացման համար պահանջվող ժամկետները, ռեսուրսներն ու գումարը։ 2022-ին մտանք գեներատիվ AI-ի ոլորտ. լեզվի մոդել էինք մշակել, որի միջոցով կարողանում էինք հասկանալ առաջադրանքների բովանդակությունը։

Քանի որ սկսել էինք լեզվի մոդելների հետ աշխատել, եւ CatGPT-ն արդեն գործարկվել էր՝ ցուցադրելով ավելի լավ արդյունքներ, հասկացանք, որ սեփական մոդելի մարզումն անիմաստ է, հանգիստ կարելի է վերցնել ավելի մեծ տվյալների ու աղբյուրների վրա վարժված ChatGPT-ն ու լուծել նույն խնդիրը։ Այս դեպքում ավելի շատ ժամանակ եւ ռեսուրս կխնայվի։

Պրոդուկտն ու կիրառությունները

Մեր պրոդուկտի կարգախոսը ChatGPT for Companies է։ Լուծում ենք հետեւյալ խնդիրը․ ChatGPT-ն կարող է պատասխանել ցանկացած հարցման, բայց միայն այն դեպքում, երբ այդ տեղեկությունը հանրային հասանելի է։ Մասնավոր կազմակերպության վերաբերյալ փակ տվյալներով հարցերին այն չի կարող պատասխանել։ Հիմա փաստացի այս խնդիրն ենք լուծում։

photo © Մեդիամաքս


Ներկայում կազմակերպություններում կոնցեպտի հաստատման (proof of concept) փուլում ենք։ Ներդնում ենք համակարգը, որից հետո մոտ 3 ամիս ադապտացիայի փուլ է անցնում։ Աշխատում ենք 5 կազմակերպության հետ, ապահովում տվյալների գաղտնիությունը, կարգավորում դրանց հասանելիությունն ու թարմացումները, հետեւում պատասխանների ճշգրտությանը։

photo © Մեդիամաքս


Տարբեր կիրառությունների փորձարկումներ ենք անում. առաջինը՝ միջին եւ մեծ կազմակերպությունների համար HR-ի տվյալների հիման վրա տեխնոլոգիա տրամադրելն է։ Ինտեգրացիա ենք անում Google Drive-ի հետ, որ տրամադրենք բոտ։

photo © Մեդիամաքս


Երկրորդ կիրառությունը հաճախորդների սպասարկման ավտոմատացումն է։ Մեկ այլ կիրառություն էլ վաճառքի ավտոմատացումն է, խոսքը՝ B2C վաճառքների մասին է։ Բոտը հաջողված զրույցների հիման վրա զրույցը կառուցում է այնպես, որ վաճառք իրականացնի։

Ներդրումներն ու շուկայի թիրախավորումը

Մեր առաջին նախասաղմնային ներդրումը SmartGateVC-ից է։ Դրանից հետո միացան մի քանի անհատ հրեշտակ ներդրող ու նաեւ՝ FAST հիմնադրամի STAN հրեշտակ ներդրողները։ 2022-ին bridge ներդրումային փուլ ունեցանք մեկ այլ հրեշտակ ներդրողից։

Մուշեղ Գեւորգյանը Մուշեղ Գեւորգյանը
photo © Մեդիամաքս


Ընդհանուր առմամբ, մոտ կես միլիոն դոլարի ներդրում ենք ներգրավել։ Ընդգրկվել ենք SkyDeck Europe-ի աքսելերացիոն ծրագրում, որի հիմնական նպատակը բիզնեսի զարգացումն է ու վաճառքների մեծացումը։ Այս տարի սաղմնային ներդրում ենք պլանավորում, բայց հասկանում ենք, որ ներդրումային շուկայի փոփոխություններով պայմանավորված՝ այդքան էլ հեշտ չի լինելու։

photo © Մեդիամաքս


Շուկայի աշխարհագրությունն ընդգրկում է եվրոպական երկրները եւ ԱՄՆ-ն։

Թիմը

Ես սոլո հիմնադիր եմ։ Տարիների ընթացքում վերելքներ ու վայրէջքներ ենք ունեցել։ Մոտ 12 հոգի էինք եւ աճում էինք, սակայն դրամի արժեւորման պատճառով 50%-ով թիմը կրճատվեց։

photo © Մեդիամաքս


Ուժերի վերադասավորում ենք արել։ Այս տեսանկյունից նպատակահարմար ենք գտել ավելի փոքր թիմով առաջ շարժվել, ինչը կապահովի նաեւ ներքին ճկունություն։

Նունե Գրիգորյան