16:18 | 22.05.23 | Հոդվածներ | 2216

Yerevan Tech Forum 2K23. թվային փոխակերպումը, մարդիկ եւ «ինչու» հարցի դերը

Մայիսի 19-ին եւ 20-ին կայացել է ամենամյա Yerevan Tech Forum 2K23-ը, որն ունեցավ ավելի քան 1 000 մասնակից՝ մասնավոր, պետական եւ հասարակական հատվածներից:

Միջոցառման կազմակերպիչը Skill-Event Marketing Company-ն էր, իսկ գլխավոր գործընկերը Telcell վճարահաշվարկային ընկերությունը։

photo © Մեդիամաքս


Yerevan Tech Forum-ը ամենամյա միջոցառում է, որը համախմբում է այն կազմակերպություններին, ընկերություններին, մասնագետներին ու պետաական կառույցներին, ովքեր ցանկանում են տեղափոխվել զարգացման հաջորդ մակարդակ։

photo © Մեդիամաքս


Թվային փոխակերպումը հաջողությամբ իրականացնելու գործում առաջնորդության վճռորոշ դերի իր փորձառությամբ կիսվել է Յուքոմի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երբ ասում ենք՝ թվային փոխակերպում, որը երաժշտության պես հնչում է ականջի մեջ, արդյո՞ք հաշվի ենք առնում շատ կարեւոր գործոններ: Արդյո՞ք սահմանում ենք հստակ տեսլական, որի շուրջ ընկերությունը համախմբվում է, որի մասին աշխատակիցները, գործընկերները տեղյակ են, հավատում են: Եթե ուզում ենք լինել այն առաջնորդները, ովքեր առաջ կտանեն այս թվային փոխակերպումները, հմտություններ պետք է զարգացնենք, ճկուն լինենք, հին մտածելակերպից դուրս գանք»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը։

Ռալֆ Յիրիկյանը Ռալֆ Յիրիկյանը
photo © Մեդիամաքս


Yerevan Tech Forum 2K23-ի ընթացքում ՏՏ ընկերությունների առաջնորդներ ներկայացրել են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են IoT համակարգերի նախագծումը, ամպային տեխնոլոգիաները, բլոկչեյնի վերջին միտումները, արհեստական բանականության դերը թվային փոխակերպման համատեքստում։

Coinplus-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Վիգեն Առուշանյանն ներկայացրել է այն հիմնական միտումները, որոնք կտեսնենք առաջիկայում բլոկչեյնի ոլորտում, ինչպես նաեւ NFT-ների նոր ալիքի ու փոխակերպվող կիրառությունները:

Վիգեն Առուշանյանը Վիգեն Առուշանյանը
photo © Մեդիամաքս


Արհեստական բանականության դերի ու հատկապես ձայնային տեխնոլոգիաների մշակման, անվտանգության խնդիրների ու Krisp-ի գործունեության ու վերջին մշակումների մասին պատմել է ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Արտավազդ Մինասյանը։

Արտավազդ Մինասյանը Արտավազդ Մինասյանը
photo © Մեդիամաքս


Yerevan Tech Forum 2K23-ի տեղի ունեցավ նաեւ պանելային քննարկում փոխակերպման գործընթացում առաջնորդության դերի մասին։

«Կան թվային փոխակերպման շատ ասպեկտներ՝ հավելյալ օգուտ, նոր պրոցեսներ ու գործիքներ եւ այլն։ Սակայն այս ամենն ամբողջական է դառնում ճիշտ առաջնորդության շնորհիվ, այն կարող է ակտիվացնել այդ բոլոր ասպեկտները, որը կօգնի ընկերությանն առաջ շարժվել։ Որպես թվայնացման ծառայություն մատուցող ընկերություն, մենք գծում ենք այդ ճանապարհային քարտեզը առաջնորդի եւ թիմի համար, որն անցնելով՝ հնարավոր է հասնել վերջնակետին»,- իր խոսքում նշել է Գրիդ Դայնամիք ընկերության տվյալների եւ մեքենայական ուսուցման ճարտարագիտության տնօրեն Դմիտրի Մեժենսկին։  

photo © Մեդիամաքս


«Առաջնորդներն են, որ կարող են ստեղծել տեսլական, նաեւ ստեղծել ռազմավարություն, որով կարող են հասնել իրենց նպատակին։ Ամենաբարդը առաջնորդի համար այդ փոխակերպման կառավարումն է։ Մարտահրավերները հաղթահարելու ընթացքում է առաջնորդը հասկանում, թե ով ունի իր կողքին եւ ում կարող է ներգրավել այդ գործընթացում, ինչի էլ կախված է վերջնական արդյունքը»,- նշել է Սինոփսիս ընկերության մարդկային ռեսուրսների գծով տնօրեն Մարիա Պետրոսյանը։

photo © Մեդիամաքս


Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը իր խոսքում նշել է, որ իր կարիերայի ընթացքում գրեթե միշտ աշխատել է արագ զարգացող ՏՏ ընկերություններում, որտեղ փոփոխությունները կատարվում են գրեթե ամեն օր։

«Բիզնեսում անընդհատ պետք է ձգտել արդյունավետության, ֆինանսական մասը շատ կարեւոր է։ Դրա համար պետք է ենթակառուցվածքները, աշխատակիցները, հաճախորդներին մատուցվող ծառայությունները արդյունավետ լինեն ու այդ պատճառով հարկավոր է, որպեսզի առաջնորդն անընդհատ նորարարություններ ներմուծի։ Մեր ոլորտում դա տեղի է ունենում ամեն օր։ Որպեսզի մարդիկ հետ չմնան, առաջին հերթին այդ փոխակերպումը պետք է նրանց ուղեղում լինի՝ աճի վրա կենտրոնացած մտածելակերպը»,- նշել է Դավիթ Բաղդասարյանը։  

photo © Մեդիամաքս


Իսկ Վեբբ Ֆոնտենի տեխնոլոգիական գծով գլխավոր տնօրեն Արա Շամիրզայանը նկատել է, որ  փոխակերպումներից չվախենալը եւ տարբեր փորձարկումներ անելն ի սկզբանե կա շատ տեխնոլոգիական ընկերությունների ԴՆԹ-ում։ «Սակայն, միեւնույն է, շատ կարեւոր են մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով», - նկատել է նա:

Թումոյի տեխնոլոգիաների գծով փոխտնօրեն Հայկ Աստուրեանը ուշադրություն է հրավիրել այս համատեքստում կիբեռանվտանգության պահպանման վրա։

photo © Մեդիամաքս


«Հատկապես ոչ տեխնոլոգիական ընկերությունների համար թվային ենթակառուցվածքներ տվյալները փոխանցելիս ամենամեծ ռիսկերից մեկը կիբեռ անվտանգությունն է։ Շատ կարեւոր է կենտրոնանալ կիբեռանվտանգ համակարգեր մշակելու վրա, հարկավոր է բյուջե հատկացնել այդ խնդրի համար»,- նշել է նա։

Ամերիաբանկի Տաղանդների եւ ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը թվային փոխակերպման գործընթացում կարեւորել է «ինչու» հարցի դերը, որի պատասխանն էլ նախանշում է հիմնական նպատակները։

Skill.am-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը Skill.am-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը
photo © Skill.am


«Անորոշությունը կոնֆլիկտածին ու վախեցնող երեւույթ է։ Մեծ ու փոքր կազմակերպություններում ամենակարեւորը «ինչո՞ւ» հարցին պատասխանելն է։ Առաջնորդության տեսանկյունից կարեւոր է «ինչո՞ւ» հարցի պատասխանով ոգեշնչվելը։ Փոխակերպումը նախեւառաջ մարդկանց մասին է, նրանց մտածելակերպի, վերաբերմունքի ու շատ կարեւոր է չմոռանալ այդ փաստը»,- շեշտել է նա։

Արտյոմ Ղազարյանը Արտյոմ Ղազարյանը
photo © Skill.am


Նրա հետ համամիտ է Telcell ընկերության կոմերցիոն տնօրեն Արտյոմ Ղազարյանը:
 
«Մենք ներկայացնում ենք թվային հետաքրքիր էկոհամակարգ, որտեղ կան բազմաֆունկցիոնալ եւ բազմատեսակ պրոդուկտներ, ինչպես բիզնես ներկայացուցիչների համար, այնպես էլ անհատների, ֆինանսական կազմակերպությունների եւ պետական հատվածի համար: Սակայն թվային ցանկացած լուծումների եւ գործընթացների հիմքում մարդիկ են», - ասել է նա:

Նունե Գրիգորյան

Լուսանկարները Ագապե Գրիգորյանի