10:22 | 19.05.23 | Նորություններ | 1679

Ներկայացվել է Թումո Կապանի նոր շենքի դիզայնը

1932 թվականին կառուցված Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքը կվերածվի Թումո կենտրոնի Կապանի եւ շրջակա համայնքների պատանիների համար:

Երկաթուղային կայարանի կողքին ժամանակավորապես տեղակայվել է Թումո տուփերի կլաստեր` տեխնոլոգիաների եւ դիզայնի կրթությունը հասանելի դարձնելով տեղի համայնքին մինչեւ Թումո Կապանի նոր շենքի կառուցման ավարտը:

Կապանի երկաթուղային կայարանի վերականգնման կոնցեպտի հեղինակն է փարիզյան Normal Studio-ն, իսկ շենքի ճարտարապետաշինարարական աշխատանքներն իրականացվում են Թումոյի ճարտարապետական ստուդիայի հետ համագործակցությամբ: Շենքը կունենա ինքնուսուցման հարթակ, դասընթացի սենյակներ, ռոբոտաշինության սենյակ, ձայնագրման ստուդիա, կինոսրահ եւ միջոցառումների տարածք:

Սյունիքում Թումոյի ներկայությունն ամրապնդելու համար Թումո Հայաստան նախաձեռնությունը կենտրոններ կհիմնի Կապանում եւ Սիսիանում, ինչպես նաեւ տուփեր՝ Գորիսում, Քաջարանում, Մեղրիում, Շաքիում, Շինուհայրում եւ Տեղում:

«Սյունիքը մեզ համար ռազմավարական է: Ահա, թե ինչու ենք որոշել Թումո տուփերի կլաստերը բերել Կապան եւ չսպասել շենքի շինարարության ավարտին»,- ասել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Սյունիքի մարզում բոլոր կենտրոնների եւ տուփերի տեղակայման ավարտից հետո շաբաթական 4000-ից ավելի ուսանող կկարողանա հաճախել ժամանակակից աշխատատարածքներ, որոնք զինված կլինեն Թումոյի կրթական ծրագրով:

Թումո Կապանի նախագիծն աջակցվում է Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» կողմից: