13:56 | 12.05.23 | Նորություններ | 1697

Իլոն Մասկը կթողնի Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնը

Իլոն Մասկը հայտնել է, որ Twitter-ի համար գտել է նոր գործադիր տնօրեն. «նա աշխատանքի կանցնի մոտ վեց շաբաթից»:

Մասկը կզբաղեցնի տեխնիկական տնօրենի պաշտոնը եւ վերահսկի պրոդուկտի մշակումը, ծրագրային ապահովումը եւ հիմնական համակարգերի շահագործումը։ Նաեւ կդառնա տնօրենների խորհրդի նախագահը։

NBCUniversal-ի գովազդի եւ համագործակցության միջազգային բաժնի ղեկավար Լինդա Իակարինոն բանակցություններ է վարում սոցցանցի հետ պաշտոնը զբաղեցնելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Իակարինոն միացել է NBCUniversal-ին ավելի քան մեկ տասնամյակ առաջ եւ եղել է Peacock սթրիմինգի մեկնարկի հիմնական ֆիգուրներից մեկը: Նա հրապարակայնորեն աջակցել է Մասկին՝ հավանություն տալով «խոսքի ազատությանը» հասնելու նրա ցանկությանը։

Ըստ Insider-ի աղբյուրների, Twitter-ում նոր գործադիր տնօրենի մասին խոսակցությունները «պտտվում են» Էլլա Իրվինի շուրջ, ով աշխատում է սոցցանցում մեկ տարուց էլ քիչ եւ զբաղվում անվտանգության հարցերով։ Աշխատակիցները կարծում են, որ այդ «վեց շաբաթն» անհրաժեշտ է, որպեսզի նա Սիեթլից տեղափոխվի Սան Ֆրանցիսկո, որտեղ գտնվում է ընկերության գլխավոր գրասենյակը։

Մասկը նոր գործադիր տնօրեն սկսել է փնտրել 2022 թվականի վերջին եւ միեւնույն ժամանակ օգտատերերին հարցրել, թե արդյոք նա պետք է հեռանա սոցիալական ցանցի ղեկավարի պաշտոնից։ Մեծամասնությունը քվեարկել է հեռանալու օգտին։