14:22 | 10.05.23 | Նորություններ | 2030

Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթն ընդունում է հայտեր

Հայ-Ռուսական համալսարանում մայիսի 21-ին կկայանա Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման 2023 թվականի հայաստանյան բաց մրցույթը, որի նպատակն է մեկ հարթակում հավաքել Հայաստանի բոլոր սերունդների ծրագրավորողներին:

Մասնակցելու համար կարող են դիմել ցանկացած մակարդակի հմտություններ ունեցող ծրագրավորողները` սկսած ուսանողներից ու դպրոցականներից, մինչեւ փորձառու ծրագրավորողներ: Հաղթողները կստանան մրցանակներ։

Խնդիրները կլինեն ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, այլեւ կենթադրեն ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետում, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 17-ն է։ Մասնակցության համար անհրաժեշտ է կազմել 2 մասնակցից բաղկացած թիմ եւ գրանցվել այստեղ։

Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետեւյալ լեզուները՝ C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։ Գրանցված թիմերը կստանան մասնակցության համար անհրաժեշտ այլ մանրամասները (login, password եւ այլն) մրցույթին նախորդող շաբաթվա ընթացքում։

Մրցույթի կազմակերպիչներն են Հայ-Ռուսական համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), OneMarketData-ը եւ CodeSignal-ը։